Բարձր գնաճի միջավայրում մենք ոչ միայն չթողեցինք աղքատության մակարդակն աճի, այլ նաև ապահովեցինք մի փոքր կրճատում. Վահան Քերոբյան
«Եթե խոսենք էկոնոմիկայի նախարարության բյուջեի մասին, պետք է նշել, որ 2019 թվականին նախարարության բյուջեն եղել է մոտ 25 միլիարդ դրամ, և  կատարողականը եղել է դրա կեսը, որից հետո հաջորդ տարիներին մենք միշտ գերակատարել ենք այն պլանները, որոնք դրված են եղել մեր նախարարության առջև»,- այս մասին այսօր 2023-ն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։   

Նա նաև նշեց, որ 2024 թվականի բյուջեն կազմում է 91 միլիարդ դրամ։

«Մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը պլանավորում ենք, և սա Արժույթի միջազգային հիմնադրամի  կանխատեսումն է, որ 2023 թվականի համար կկազմի 8280 դոլար, իսկ եթե նայենք 2017 թվականը, Հայաստանը մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով 196 երկրների մեջ եղել է 122-րդը, 2023-ին կանխատեսում եմ, որ մենք կլինենք 86-րդը։ Բավականին լավ է գնում նաև համախառն ներդրումների ծավալը. այս տարի առաջին կիսամյակի տվյալներով՝ մեր համախառն ներդրումներն աճել են 17,5 տոկոսով, ինչը նշանակում է, որ ՀՆԱ-ի հետ չափաբաժնի մեջ ավելի բարձր դիրք կունենանք, քան անցյալ տարի»,- ասաց նախարարը։

Նախարարը նշեց, որ աշխատատեղերի մասով 2023 թվականի կանխատեսվող ցուցանիշը 748.000 է, որն էլի աճ ունի, միջին աշխատավարձը հասնում է 260.000-ի, և շատ կարևոր  է աղքատության ցուցանիշի կրճատումը։

«2022 թվականին, երբ մենք ապրում էինք բարձր գնաճի և բարձր տնտեսական աճի միջավայրում, մեր միջազգային գործընկերները մեզ զգուշացնում էին, որ բարձր գնաճը կարող է հանգեցնել աղքատության մինչև 40 տոկոս աճի, բայց մեր կառավարության կանխարգելող առաջանցիկ միջոցառումների շնորհիվ մենք ոչ միայն չթողեցինք աղքատության մակարդակն աճի, այլ նաև ապահովեցինք մի փոքր կրճատում։ Այսինքն՝ 26,5 տոկոսից աղքատությունը կրճատվեց մինչև 24,8 տոկոս»,- ասաց նախարարը։
 
Մանրամասները՝ տեսանյութում