Լավագույն պահն է, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, Ռուսաստանն իր ցանկացածն ստացել է, Ֆրանսիան և ԱՄՆ-ն ևս պետք է ճանաչեն. ադրբեջանագետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Հայաստանին զենք մատակարարելու՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքի առնչությամբ։
Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հետ օգոստոսի 11-ին կայացած հանդիպման ժամանակ դաշույն է նվիրել նրան և ասել. «Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»:

Ալիևի խոսքով՝ Ռուսաստանը որքան էլ Հայաստանին զինի, միևնույն է՝ ուժերի հավասարություն չի լինելու։ Ադրբեջանի նախագահը նաև քննադատել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի այն հայտարարությունը, որ ադրբեջանցի զինվորի կողմից ՀՀ սահմանը հատելու պարագայում հայկական կողմը կրակ է բացելու: «Ըստ ամենայնի, ղարաբաղյան երկրորդ պատերազմը նրանց համար դաս չդարձավ: Եթե այդպես է, ապա մենք պատրաստ ենք ևս մի դաս տալ»,- ասել է Ալիևը։

Civic.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ, ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Գրիգորի Այվազյանը, անդրադառնալով Ալիևի մտահոգությանը, նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարի աննախադեպ կոշտ հայտարարությունը զուգորդել է խորհրդանշական մի քայլի, երբ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարը դաշույն է նվիրել ՀՀ պաշտպանության նախարարին։

Ալիևն իր հարցազրույցում նաև մեկնաբանել էր, թե Հայաստանի քաղաքացիները, ընտրելով պարտված իշխանությանը, ցույց տվեցին, որ համակերպվել են արցախյան 44-օրյա պատերազմի պարտության հետ։ Սակայն ադրբեջանագետը Ալիևի այս հայտարարությունը որակում է որպես Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու միտում. «Հայաստանի ժողովուրդն ու նրա իշխանությունները չեն համակերպվել այս պարտության հետ։ Արցախյան 44-օրյա պատերազմը թուրք-ադրբեջանական տանդեմի պարտությունն է և ռուսական աշխարհաքաղաքական ներկայության ամրապնդումը Հարավային Կովկասում՝ արդեն ուղղակիորեն իրենց խաղաղապահների տեղաբաշխմամբ, ինչը թուրք-ադրբեջանական տանդեմին ուղղակի հավասարակշռությունից հանում է»։ 

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման Ալիևի հերթական առաջարկը մեր զրուցակիցը դիտարկում է այն համատեքստում, որ այդ պարագայում Հայաստանը պետք է ճանաչի Արցախը Ադրբեջանի մի մաս և պետք է ճանաչի ինքն իրեն խորհրդային  սահմաններում. «Սա նշանակում է, որ Հայաստանը հրաժարվում է Արևմտյան Հայաստանի նկատմամբ պահանջատիրությունից։ Իսկ դա նշանակում է օրինականացնել Նախիջևանի մտնելն Ադրբեջանի կազմի մեջ»։ 
 
Գրիգորի Այվազյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի վերջին սրացումները ցույց են տալիս, որ Ալիևը շտապում է ուժով  բացել «Զանգեզուրի միջանցքը», քանի դեռ Հայաստանը վերջնականապես չի վերականգնել իր ռազմական պոտենցիալը. «Իրավիճակը բավականաչափ պայթյունավտանգ է, և չի կարելի թերագնահատել Ալիևի արկածախնդրությունը, ինչպես նաև Թուրքիայի ոտնձգությունն այս ժամանակահատվածում։ Մենք ունենք հնարավորություն ցանկացած պահի պատրաստ լինելու պատերազմին և թշնամուն դաս տալու։ Ալիևը վայնասուն է բարձրացրել և վերջին խոսքերով մեղադրել Ռուսաստանին՝ այն բանի համար, որ փորձում են վերազինել Հայաստանին և աջակցում են հայկական զորքերի բաշխմանը Արցախի տարածքում»։     

Ադրբեջանագետը, անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը Հայաստանի համար դաս չդարձավ, և իրենք պատրաստ են ևս մի դաս տալ, մեկնաբանեց. «Ալիևը պատերազմի ակնարկ է անում, բայց չպետք է մոռանանք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ իրենք էլ լավ դաս ստացան, երբ 20.000 զինվոր իզուր տեղը կոտորեցին, այն պարագայում, երբ հայկական իշխանությունները կառուցողական մոտեցման դեպքում պատրաստ էին այդ տարածքները առանց որևէ կրակոցի զիջել։ Վերջերս այս մասին խոստովանեցին մեր  նախկին ղեկավարները։ Եվ դա ապացուցում է, որ այդ տարածքները վերջին 30 տարիների ընթացքում գերբնակեցված չեն եղել։ Թուրք-ադրբեջանական տանդեմը 44-օրյա պատերազում իր ուզածին չհասավ՝ նրանց նպատակն այս պատերազմում Արցախը հայաթափելն ու Հայաստանի որոշ տարածքներ օկուպացնելն էր։ Ընդհակառակը՝ իրենց թողտվությամբ ռուսական զորքերը մտան Արցախի տարածք, և Ալիևը մինչ օրս չի վավերացնում ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, հասկանում է, որ Արցախ մտած ռուսական զորքից ձերբազատվելը բավական դժվար է»։  

Գրիգորի Այվազյանը նշեց, որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի 20.000 զինվորների կորստի մասին հրապարակել են բազմաթիվ միջազգային վերլուծաբաններ՝ այդ թվում ռուսական ռազմական վերլուծաբաններ. «Կարող ենք դիտարկել նաև ադրբեջանական ԶԼՄ-ների հայտարարությունները, ըստ որոնց՝ վերջին շրջանում ժողովրդական ընդվզումներ են տեղի ունենում Ադրբեջանում։ Բողոքում են նաև պատերազմի մասնակից զինվորականների ծնողները, որոնք դժգոհ են իրենց հանդեպ ցուցաբերվող վերաբերմունքից, նաև բողոքում են անհետ կորածների հարազատները, որոնք որևէ լուր չունեն իրենց երեխաների ճակատագրից։ Այնպես որ, Ադրբեջանի հրապարակած թիվը իրենց կորուստների մասին ծիծաղելի է։ Իմ տեղեկություններով՝ ադրբեջանական 60 անօդաչուներից այս պատերազմում 45-ը ոչնչացվել են. պատկերացրեք՝ ինչ գումարի մասին է խոսքը»։   
 
Ադրբեջանի նախագահը հերթական անգամ ակնարկել է Արցախն Ադրբեջանի կազմում լինելու հարցը։ Մեր զրուցակցի տեսանկյունից՝ պատերազմից հետո հիմա լավագույն պահն է, որպեսզի Հայաստանը ճանաչի Արցախի անկախ Հանրապետությունը, թեպետ նրա խոսքով՝ դա կարելի էր անել և՛ պատերազմի ժամանակ, և՛ դրանց առաջ. «Հայկական կողմը պարտավոր է արձագանքել Ալիևի հայտարարություններին, և հիմա լավագույն պահն է Արցախը ճանաչելու։ Ադրբեջանը հրաժարվում է աշխատել Մինսկի խմբի շրջանակներում, և Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ֆրանսիան և ԱՄՆ-ն դուրս են մղվել Արցախի բանակցային գործընթացից։ Հետևաբար նրանք կարող են ազդել իրավիճակի վրա միմիայն Արցախի ճանաչման ճանապարհով։ Ռուսաստանն իր ցանկացածն արդեն իսկ ստացել է՝ զորքը մտցրել է Արցախ և մահակ է պահում և՛ հայկական կողմի, և՛ ադրբեջանական կողմի վրա։ Եվ մենք պարտավոր ենք դիվանագիտական հարթակում որոշակի քայլեր անել»։   

Իլհամ Ալիևն իր հարցազրույցում նաև խոսել է  Վրաստան, Հայաստան, Ռուսաստան, Իրան, Ադրբեջան, Թուրքիա «3+3» ձևաչափով համագործակցության հարթակի մասին։ 

Գրիգորի Այվազյանի խոսքով՝  այս պլատֆորմը թուրքական հերթական հեքիաթների ժանրից է և ոչ իրագործելի. «Նպատակը որոշակի պլատֆորմ ստեղծելն է տարածաշրջանի փոքր պետությունների և շահագրգիռ պետությունների միջև։ Սակայն Ադրբեջանն ունի տարածքային հավակնություններ նաև Իրանի նկատմամբ, որի հարցում ունի աջակցություն Թուրքիայից։ Ռուսաստանը ռազմավարական հարցերում խորը հակասություններ ունի Թուրքիայի հետ։ Ռուսաստանն ու Վրաստանը դիվանագիտական հարաբերություններ չունեն, Հայաստանն ու Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ չունեն։ «Խաղաղասիրության հայտարարությունները» նշանակում են աչքերի մեջ փոշի փչել, որովհետև Թուրքիան ու Ադրբեջանը չեն պատրաստվում երկարատև խաղաղության։ Մենք տեսնում ենք, որ ամբողջ Մերձավոր Արևելքը հիմա ապակայունացման փուլ է մտել։ Տեսնում ենք՝ ինչպես Աֆղանստանի ռեժիմն անկում ապրեց։ Եվ Ադրբեջանը փորձում է օգտվել դրանից, հույս ունի, որ Ռուսաստանը իր ուշադրությունը կշեղի դեպի Միջին Ասիա, և իրենք կարող են այստեղ թուրքերի հետ միասին իրենց ձեռքերին ազատություն տալ։ Բայց դա այդպես չէ՝ Ռուսաստանը ուշի ուշով հետևում է իրադարձությունների զարգացմանը»։ 

Հարցին՝ ինչ արձագանք պետք է լինի հայկական կողմից Ալիևի հայտարարություններին, Գրիգորի Այվազյանը նախ ընդգծեց, որ Ալիևի հոխորտանքները հայկական կողմը պետք է լուրջ ընդունի և պատրաստ լինի բոլոր մեթոդներով հակազդեցություն ցուցաբերելու, այնուհետև շարունակեց. «Հայկական կողմի՝ Ալիևի սադրիչ հայտարարություններին արձագանքելու հարցում պասիվություն ցուցաբերելը գուցե պայմանավորված է Ռուսաստանի հետ որոշակի պայմանավորվածություններով, որպեսզի չտրվեն Ադրբեջանի սադրանքներին և ցույց տան, որ ագրեսորը Ադրբեջանն է»։

Նարա Մարտիրոսյան