ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ռուսական ռազմաբազայի զինվորների հերթական հանցանքը մի կարեւոր,
մտահոգիչ առանցք եւ նմանություն ունի` Крым наш, բայց այս կայսերական հիստերիան, իրենց
ընկալմամբ` «Գյումրու ֆորպուստում» նոր չի դրսեւորվում։
Տասնյակ տարիներ են
հանցանքներ գործել ու մնացել անպատիժ։
Շատերը, հատկապես երիտասարդները
երեւի թե հիշում են կամ գիտեն միայն Ավետիսյանների ոճրագործությունը, բայց սա միակը
չէր։
● 1999 թվականի ապրիլի
14-ին ռազմաբազայի երկու զինծառայող ալկոհոլի ազդեցությամբ ՄԵԿ ԺԱՄ շարունակ, 1 կմ-ից ավել քայլելով հրազենից
անկանոն կրակ էին բացել Գյումրու փողոցներում՝ սպանելով 2 եւ վիրավորելով 7 անձի (Ականատեսները
պնդում էին, որ 3 անձ է սպանվել եւ 14 վիրավորվել, բայց գործում ներառվեցին միայն յոթը)։
Այս հանցանքը ավելի
շատ զոհեր չտվեց զուտ մի քանի տղամարդու քաջության շնորհիվ, որ իրենց կյանքը վտանգելով
կասեցրել էին ռուս հանցագործներին, վնասազերծել էին ու հանձնել ոստիկաններին։
● 2013-ի դեպքը եւս
ողբերգական էր, ականի պայթյունի հետեւանքով
մահացել էին 15-ամյա Մուշեղ Գևորգյանը և 12-ամյա Արթուր Մկրտչյանը, որոնք Վահրամաբերդ
համայնքի ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում ոչխարների էին արածացրել
եւ ընթացքում նաեւ չպայթած ականների ալյումինները հավաքել։
Երկու երեխաների կյանքը
հնարավոր էր փրկվել, եթե ռազմական վտանգավոր տարածքների անվտանգությունն ապահովված
լիներ պատշաճ կերպով, մինչդեռ ոչ միայն սրա համար պատիժ չսահմանվեց, այլ մահացած երկու
անչափահասների ընտանիքները հայտնել են, որ ռուսական կողմից իրենց համոզել, անգամ վախեցրել
են, որ «երկար շարունակելու դեպքում գործը «շուռ կգա» իրենց դեմ, և ստիպված ստորագրել
են փաստաթուղթ, ըստ որի նրանք բողոք ու դժգոհություն չունեն:
Եւ վերջապես 2015 թվականի
հին ամանորյա գիշերը, որ բոլորիս համար դարձավ ողբերգական, հունվարի 12-ին տեղի ունեցավ
Գյումրու պատմության ամենասարսափելի հանցագործություններից մեկը՝ Ավետիսյանների ընտանիքի
յոթ անդամների, այդ թվում՝ երեքամյա Հասմիկին և ընդամենը վեց ամսական Սերյոժայի սարսափելի,
դաժան սպանությունը։
Բայց, ցավոք, ողբերգությունները դրանով չավարտվեցին։
2018 թվականի դեկտեմբերի
2-ին Գյումրիում ռուսական ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը պարզապես փողոցում
դաժան ծեծի ենթարկեց աշխատանքի գնացող 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին։
Պատճառն այդպես էլ
չպարզվեց, ուղղակի հարբած էր կամ գուցե այլ ազդեցությամբ։
Կինը ստացած ծանր վնասվածքներից մահացավ հիվանդանոցում։
Այս վայրագ սպանության
համար նա բանտում գրեթե չանցկացրեց, ռազմաբազայում էր, դատերն էլ անցկացվում էին տեսակապով։
Սրանք ընդամենը մի
քանիսն էին գրեթե ամեն տարի իրականացված հանցանքների, ավելի մանրամասն տեսանյութով
առաջիկայում կանդրադառնամ։