ԳՇ պետն անդրադարձել է բանակում մահվան դեպքերի պատճառներին և կանխարգելման աշխատանքներին

«Հայաստանի զինված ուժերում մահվան դեպքերը տարբեր պատճառներ ունեն, և դրանք հնարավոր չէ դիտարկել նույն հարթության վրա»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան և ինքնասպանությունների վերաբերյալ հարցերին։


Նրա խոսքով՝ զինծառայողների մահվան դեպքերը կանխելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։


Հարցին, թե կոնկրետ ի՞նչ աշխատանքներ են իրականացվում, Ասրյանը պատասխանել է․ «Արվում է համապատասխան աշխատանք»։


Լրագրողների խնդրանքին՝ մանրամասնելու ձեռնարկվող քայլերը, նա նշել է, որ դրանք ներկայացնելու համար երկար ժամանակ է պահանջվում։


ԳՇ պետն ընդգծել է, որ զինծառայողների մահվան դեպքերը մտահոգում են նաև ռազմական ղեկավարությանը։


«Ոչ միայն հասարակությանն է հուզում, այլ նաև մեզ։ Առավել շատ մեզ է հուզում»,- ասել է Ասրյանը։


Անդրադառնալով դեպքերի պատճառներին՝ նա հիշատակել է միջավայրային փոխհարաբերությունները, ֆինանսական ու առողջական խնդիրները։


Զինծառայողների մահվան դեպքերի ընդհանուր համատեքստում Ասրյանը նշել է նաև ծառայությունից դուրս հանգամանքներն ու ճանապարհատրանսպորտային պատահարները։