Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են եկել հայտարարություններով

Փաստաթղթերի փոխանակման արարողությունից հետո, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեծարգո՛ պարոն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, տիկնայք և պարոնայք, նախևառաջ ցանկանում եմ կրկին ողջունել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովին Հայաստանում և շնորհակալություն հայտնել պաշտոնական այցի հրավերն ընդունելու, ինչպես նաև մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանն ուղղված հետևողական ջանքերի համար։


Հայաստանի և Ղրղզստանի միջև հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների պատմականորեն ձևավորված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա։ Մենք ունենք բոլոր նախադրյալները՝ այդ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու և համագործակցության առկա ներուժը գործնական արդյունքների վերածելու համար։


Քիչ առաջ ստորագրված համատեղ հայտարարությունն արտացոլում է մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսլականը և երկկողմ համագործակցության տարբեր ուղղություններով առաջիկա աշխատանքների հիմնական առաջնահերթությունները։


Այսօր կայացած բանակցությունների ընթացքում համակողմանի քննարկեցինք քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացման, ինչպես նաև կրթության, գիտության, նորարարության և մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները։


Քաղաքական երկխոսության առումով վերահաստատեցինք բարձր և բարձրագույն մակարդակներում կանոնավոր շփումները շարունակելու, արտաքին քաղաքական գերատեսչությունների և համապատասխան պետական մարմինների միջև համագործակցությունն ակտիվացնելու պատրաստակամությունը։


Անդրադարձանք նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման հարցերին։ Այս համատեքստում կարևորեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված Վաշինգտոնի հռչակագիրը, ինչպես նաև Ղրղզստանի Հանրապետության՝ Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության հետ պետական սահմանի վերաբերյալ ստորագրած պայմանագրերը այդ երկրների միջև։ Համոզված ենք, որ տարածաշրջանային խաղաղության ամրապնդումը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության և տրանսպորտային կապերի զարգացման համար։


Մեր երկրների միջև համագործակցության կարևոր ուղղություններից են նաև կրթությունը, գիտությունը, տեխնոլոգիաները և երիտասարդական ներուժի զարգացումը։ Պայմանավորվեցինք խրախուսել ուսանողների, դասախոսների և հետազոտողների փոխանակումները, զարգացնել համատեղ կրթական ծրագրերն ու հետազոտական նախաձեռնությունները՝ ընդլայնելով երկու երկրների կրթական և գիտական հաստատությունների միջև անմիջական կապերը։


Մեր պետությունների և ժողովուրդների մերձեցման գործում կարևոր տեղ ունեն մշակութային և հումանիտար կապերը։ Նախատեսում ենք 2027–2028 թվականներին երկու երկրներում կազմակերպել մշակույթի օրեր։


Կարևորեցինք համատեղ ջանքերը միջազգային բնապահպանական օրակարգի առաջմղման ուղղությամբ։ Վերահաստատեցինք մեր աջակցությունը լեռնային տարածաշրջանների կայուն զարգացմանը, կլիմայի փոփոխությանը հարմարվողականությանը և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված նախաձեռնություններին։


Այս առումով, խորհրդանշական է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Ղրղզստանի Հանրապետության բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարարության միջև Սևան և Իսսիկ-Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:


Վստահ եմ, որ մեր այսօրվա պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի երկկողմ համագործակցության խորացմանը և Հայաստանի ու Ղրղզստանի ժողովուրդների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը։


Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում պարոն նախագահ Սադիր Ժապարովին՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի և կառուցողական բանակցությունների համար։


Շնորհակալ եմ։ 
Այժմ սիրով խոսքը փոխանցում եմ գործընկերոջս:
Խնդրեմ, պարո՛ն նախագահ:


Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարով – Հարգելի պարոն Փաշինյան, ԶԼՄ-ների հարգելի ներկայացուցիչներ, նախևառաջ ցանկանում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել Ձեզ, պարոն վարչապետ, Հայաստան պաշտոնական այց կատարելու հրավերի համար: Շատ բարձր եմ գնահատում Ղրղզստանի պատվիրակությանը ցուցաբերված ջերմ ընդունելությունը և հյուրընկալությունը:


Այս այցը պատմական նշանակություն ունի, քանի որ Ղրղզստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան: Համոզված եմ, որ դրա արդյունքները նոր խթան կհաղորդեն մեր երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը և համագործակցության հետագա զարգացմանը։


Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ հայկական կողմին կենսաբազմազանության թեմայով Առաջնորդների գագաթնաժողովի հաջող անցկացման առիթով։ Միջոցառումը բարձր մակարդակով է կազմակերպված և կարևոր հարթակ է դարձել բնապահպանական գլոբալ մարտահրավերներին դիմակայելու, համատեղ մոտեցումներ մշակելու համար:


Ղրղզստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և արդյունավետ համագործակցության հանձնառության վրա։ Գոհունակությամբ նշում եմ, որ վերջին տարիներին մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը գնալով ավելի ակտիվ է դարձել։


Հարգելի տիկնայք և պարոնայք,


Այսօր մենք պարոն վարչապետի հետ առարկայական և բովանդակալից բանակցություններ ունեցանք, որոնց ընթացքում մանրամասն քննարկեցինք Ղրղզստան–Հայաստան հարաբերությունների ներկայիս վիճակը և դրանց հետագա զարգացման հեռանկարները։ Ուրախալի է, որ մեր երկրների միջև ձևավորվել է բաց և կառուցողական քաղաքական երկխոսություն։ Վարչապետ Փաշինյանն այս տարեսկզբից մի քանի անգամ այցելել է Ղրղզստան՝ մասնակցելու տարբեր նիստերի, և դա լավ ցուցանիշ է։


Մենք լայն հնարավորություններ ենք տեսնում առևտրի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման համար, և համոզված եմ՝ հատկապես տրանսպորտի ոլորտում համատեղ ջանքերը ևս կտան արդյունք: Իսկ սա կարևոր ուղղություններից մեկը կլինի, և այս մասով տարանցման հնարավորությունները, դրանց ընդլայնումը շատ կարևոր կլինեն։ Այս ուղղություններով կարծում եմ, որ մենք կհասնենք կոնկրետ արդյունքների:


Այսօրվա բանակցությունների կարևորագույն արդյունքներից մեկը երկկողմ փաստաթղթերի լուրջ փաթեթի ստորագրումն է, որը վերաբերում է քաղաքացիների տեղաշարժին, կենսաթոշակներին, կրթությանը, գիտությանը և անձնական տվյալների պաշտպանությանը: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կամրապնդեն մեր համագործակցության իրավական հիմքը և կբացեն երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ, հատկապես կցանկանայի ընդգծել Իսսիկ-Կուլ և Սևանա լճերի պահպանման գործում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը: Այս եզակի լճերը ոչ միայն անգին բնական գանձեր են, այլև մեր ժողովուրդների ազգային ժառանգության անբաժանելի մասը՝ սերտորեն կապված նրանց պատմության, մշակույթի և կյանքի հետ: Դրանք պահպանելը և ապագա սերունդներին փոխանցելը մեր ընդհանուր հավաքական պատասխանատվությունն է:


Մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում մտքերի բովանդակալից փոխանակման և Ղրղզստան–Հայաստան հարաբերությունների զարգացման գործում Ձեր անձնական ներդրման համար:


Առիթն օգտագործելով՝ կրկին Ձեզ հրավիրում եմ Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Բիշքեկում 2027 թվականի հոկտեմբերի 21-23-ը։ Անհամբեր կսպասենք և շատ ուրախ կլինենք Ձեզ կրկին ողջունել ղրղզական հողում։


Շատ շնորհակալություն ուշադրության համար։