ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով պատգամավոր Նարեկ Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մյուս պատգամավորների վերջին հայտարարություններին՝ առնչվող եվրոպական ինտեգրման հարցում ՀՀ առաջընթացին:
«Եվրոպական ինտեգրման հարցում Հայաստանի արձանագրած առաջընթացի վերաբերյալ «Ուժեղ Հայաստանին» իսկապես լիկբեզի կարիք կա։
Միամտաբար չեմ պնդի, թե չգիտեն՝ ինչի մասին են խոսում։ Նպատակը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մեկն է՝ մանիպուլացնել Հայաստանի քաղաքացիներին՝ ստեղծելով պատրանք, թե ինչ էլ անենք, ԵՄ-ն թքած ունի Հայաստանի վրա։ Այլ կերպ ասած՝ Լուկաշենկոյի գործելաոճի կրկնօրինակում։
Մինչդեռ իրականությունը հետևյալն է․ Հայաստանի եվրոպական ինտեգրման տեմպը չի չափվում COP17-ի շրջանակում Հայաստան ժամանած եվրոպացի բարձրաստիճան գործընկերների թվով։ Այն չափվում է Հայաստանի վերաբերյալ ԵՄ-ի կայացրած որոշումների ոչ միայն քանակով, այլև՝ առաջին հերթին, բովանդակությամբ։
Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանն առանց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ունենալու և առանց ԵՄ-ի հետ խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (DCFTA) միակ երկիրն է, որն ստացել է ԵՄ առևտրային ինքնավար միջոցներից օգտվելու այս հնարավորությունը։ Դրանք ներառում են նաև գյուղատնտեսական որոշ ապրանքներ։
Դաս առաջին․ ԵՄ գյուղատնտեսական շուկան առանձնահատուկ պաշտպանվածություն ունի։
Դաս երկրորդ․ Ուշադրություն դարձրեք խորհրդարանում քվեարկությանը մասնակցած քաղաքական ուժերի դիրքորոշումների ընդհանրությանը։ Սա նախևառաջ կարևոր քաղաքական ուղերձ է։
Չեմ էլ անդրադառնում ԵՄ քաղաքացիական առաքելության կարևորությանը, գործընկերության նոր օրակարգին և վիզաների ազատականացման գործընթացին։
Ի վերջո, նման ասուլիսները մեծ հաշվով միայն օգուտ են տալիս․ դրանք օգնում են հասկանալու, թե իրականում ինչ օրակարգ ունեն, և ինչու են փորձում Հայաստանի եվրոպական առաջընթացը ներկայացնել որպես ձախողում»,- գրել է Ղազարյանը: