Պատրաստ ենք աջակցել Հայաստանին ԵՄ-ին ավելի մերձենալու ճանապարհին. Մարթա Կոս

Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Եվրախորհրդարանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Եվրոպական միությունը պատրաստ է աջակցել Հայաստանին, քանի որ այն ավելի է մոտենում դաշինքին։


Կոսը նշել է, որ անդամակցության նախապատրաստման գործընթացին ԵՄ մոտեցումը կոչված է թեկնածու երկրներին հստակ ազդանշան տալու. Բրյուսելը պատրաստ է սեփական պարտավորություններով ամրապնդել նրանց առաջընթացը:


«Անդամակցության նախապատրաստական այս գործընթացի շրջանակում մենք չենք խոսում աջակցության հատուկ փաթեթների մասին։ Սա մեծ ճանապարհային քարտեզ է հենց Եվրոպական միության համար՝ նախապատրաստվելու և թեկնածու երկրներին ազդանշան տալու, որ մենք պատրաստ ենք, եթե նրանք հաղթահարեն, մենք էլ կհաղթահարենք»,- ասել է նա՝ հավելելով. «Մենք աջակցում ենք նաև Հայաստանին»:


Նա հայտնել է, որ Հայաստանն ընդգրկված է իր պատասխանատվության ոլորտում՝ որպես Արևելյան գործընկերության հարցերով հանձնակատար։ «Երկիրն իսկապես շարժվում է դեպի Եվրոպական միություն»:


Կոսը կարևորել է Հայաստանի հետ ԵՄ համագործակցությունը վիզային ռեժիմի ազատականացման հարցում՝ ընդգծելով, որ Հայաստանը ներկայումս միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն բանակցում է նման գործընթացի շուրջ:


Նա նաև մատնանշել է ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը առևտրի դիվերսիֆիկացման հարցում, հատկապես՝ Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումներից հետո։


«Մենք մեծ աջակցություն ենք ցուցաբերում, քանի որ Ռուսաստանն արգելել է ձեր երկրից ներմուծումը»,- ասել է Կոսը։


Նրա խոսքով՝ ԵՄ անդամ պետությունների և Եվրախորհրդարանի աջակցությամբ Միությունն ընդունել է առևտրային ինքնավար միջոցառումներ, որոնք թույլ են տալիս Հայաստանին իր արտադրանքի մոտ 80%-ն արտահանել ԵՄ՝ առանց մաքսատուրքերի։


Կոսը նաև նշել է Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված առանձին փաթեթի մասին. «Եվ, իհարկե, գոյություն ունի հատուկ փաթեթ՝ երկրի տնտեսական զարգացման համար»: