Հոկտեմբերի 2-ին Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի երրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը Նիկոսիայի GSP մարզադաշտում հյուրընկալվեց Կիպրոսի ընտրանուն։ Հանդիպումն ավարտվեց Կիպրոսի հաղթանակով՝ 2։0 հաշվով։
Հետխաղյա մամուլի ասուլիսում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշեց, որ թիմն արժանի չէր պարտության, սակայն թույլ տված սխալները վճռորոշ եղան։
«Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության։ Այդպիսի անհաջող խաղ չեմ հիշում։ Ամեն ինչ լավ սկսում ենք, հետո առաջին սխալը, երկրորդը, ու դրանից հետո պետք է փրկել խաղը»,- ասել է Մելիքյանը։
Նրա խոսքով՝ վնասվածքների պատճառով հավաքականը զգալի կորուստներ ունի։ Ղարիբյանը մեկնարկային կազմում պետք է լիներ, սակայն վնասվածք է ստացել նախավարժանքի ժամանակ, իսկ հանդիպման ընթացքում վնասվածք է ստացել նաև Բանդիկյանը։
Մելիքյանը նշել է, որ երկրորդ խաղակեսում թիմը մեծ ռիսկերի է դիմել՝ փորձելով փոխել խաղի ընթացքը։
«Ես եմ առաջին մեղավորը, ես եմ գլխավոր մարզիչը։ Գոլերը չեղան, պետք է ընդունենք, որ բոլորս մեղավոր ենք։ Պետք է հավաքվել, աշխատել, գտնել լուծումներ ու գնալ առաջ»,- ասել է նա։
Մարզիչը նաև կոչ է արել ֆուտբոլիստներին պարտությունից հետո միմյանց մեջ մեղավորներ չփնտրել․ «Չեմ թողնի մեկ-երկու պարտությունը քանդի մեր թիմը, կոլեկտիվը, որը դժվարությամբ ստացել եմ։ Պետք է միասին լինենք, ընդունենք ու միասին շարժվենք առաջ»։
Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 5-ին՝ արտագնա խաղում մրցելով Չեռնոգորիայի հետ։