Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը ներքին հարց է, մենք ձեռնպահ կմնանք միջամտելուց․ Հաջիև

Ադրբեջանը կոչ է անում Հայաստանի կառավարությանը ակտիվորեն աշխատել հասարակությանը խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ։

 

Այս մասին Բաքվում անցկացվող CAMCA 2026 տարածաշրջանային ֆորումի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

 

Նրա խոսքով՝ պաշտոնական Բաքվին մտահոգում են «Հայաստանի հասարակության շրջանում նկատվող որոշ միտումներ, մասնավորապես՝ զգալի ազդեցություն ունեցող ուժերի առկայությունը»։ Այս մասին հաղորդում է «Report» գործակալությունը։

 

Հաջիևը նշել է, որ ադրբեջանական կողմը ռազմավարական վճռականություն ունի շարունակելու խաղաղության օրակարգը, այն գործնականում ամրապնդելու և խաղաղության այնպիսի ճարտարապետություն ձևավորելու ուղղությամբ, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար։

 

«Այդ պատճառով մենք միշտ ասում ենք, որ ցանկանում ենք այս խաղաղությունը կնքել ոչ միայն Հայաստանի կառավարության և երկրի վարչապետի հետ, այլև հայ ժողովրդի հետ։ Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք ակնկալել Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։ Անշուշտ, սա ներքին հարց է, և մենք լիովին ձեռնպահ ենք մնում այդ գործընթացին միջամտելուց», — հավելել է նա։