Flydubai-ի ինքնաթիռում օդաչուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ ինքնաթիռը շեղվել է դեպի Սաուդյան Արաբիա


Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը թռիչքի ընթացքում նախ փոխանցել է 7700 կոդը, որը միջազգային աղետի ազդանշանն է, ապա՝ 7500 կոդը, որը կիրառվում է առևանգման կամ օդանավի նկատմամբ անօրինական միջամտության դեպքում։

Դեպքից հետո օդանավի անձնակազմի հետ կապը կորել է, իսկ ինքնաթիռը շեղվել է դեպի Սաուդյան Արաբիա։ Ինքնաթիռում եղել է 174 ուղևոր, այդ թվում՝ 27 երեխա։

Միջադեպի մասին տեղեկանալուց հետո Իսրայելի իշխանությունները հրավիրել են անվտանգության արտակարգ խորհրդակցություն և օդ են բարձրացրել երկու կործանիչ։

Սակայն ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ արտակարգ ազդանշանների պատճառը օդաչուների միջև տեղի ունեցած ֆիզիկական բախումն է։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ ռուս և ուկրաինացի օդաչուների միջև վեճ է ծագել, որը վերածվել է ծեծկռտուքի։ Բախումը շարունակվել է այնքան ժամանակ, մինչև օդաչուներից մեկը կորցրել է գիտակցությունը։

BBC-ի հաղորդմամբ՝ Flydubai-ն հաստատել է միջադեպի մասին տեղեկությունը՝ միաժամանակ նշելով, որ «անվտանգության հետ կապված որևէ միջադեպ չկա»։

Իսրայելական Ynet-ը հետագայում հայտնել է, որ ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Տաբուք քաղաքի օդանավակայանում։

Ավելի ուշ իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ միջադեպի մասնակից երկրորդ օդաչուն Օմանի քաղաքացի է, իսկ տուժած հրամանատարը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի։

Ըստ աղբյուրների՝ օդանավում որպես ուղևոր գտնվող այլ օդաչուների միջամտության շնորհիվ հաջողվել է դադարեցնել բախումը։ Հաղորդվում է, որ Օմանի քաղաքացին այժմ հարցաքննվում է։

Միաժամանակ, իսրայելական ուժային կառույցները չեն բացառել նաև ահաբեկչության փորձի վարկածը։ Այդ տեղեկությունը, սակայն, այս փուլում պաշտոնապես հաստատված չէ։