«Մեր ժողովրդին անհնար է վախեցնել»․ Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Պետդումայի իններորդ գումարման կազմում տեղեր ստացած քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ։


Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները նշանակալի են Ռուսաստանի համար, իսկ նախընտրական քարոզարշավը, նրա գնահատմամբ, եղել է «արժանապատիվ, հասուն և կառուցողական»։


«Քվեարկությանը ակտիվ մասնակցությունն ապահովեց ընտրությունների անվիճելի, անվերապահ օրինականությունը։ Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել»,— ասել է Ռուսաստանի նախագահը։


Պուտինը նաև նշել է, որ ընտրական գործընթացը խաթարելու և Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու փորձեր են եղել, այդ թվում՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից։


«Սակայն ես հեռուստացույցով տեսա ընտրատեղամասերի հերթերը և համոզվեցի, որ մեր ժողովուրդը ուժեղ է։ Մեզ անհնար կլինի վախեցնել։ Հետևաբար հաղթանակը, անկասկած, մերը կլինի»,— հայտարարել է նա։


Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ընտրությունները ևս մեկ անգամ ցույց են տվել, որ երկրի բնակչությունն աջակցում է «Ռուսաստանի համար պայքարողներին» և իր ձայնը տվել է նաև Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցած թեկնածուներին։


Պուտինը գոհունակություն է հայտնել նաև իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության դիրքերի ամրապնդման կապակցությամբ։