«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ում ԲՀԿ վարձակալած տարածքի մասին պնդումները սուտ են

Ի պատասխան Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի երեկ հնչեցրած հայտարարության, թե «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի տարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից վարձակալվող տարածքի հետագա վարձակալության հարցը քննարկելու նպատակով մեկ ամիս որևէ մեկը չի կապվել իրենց հետ», «որևէ առաջարկ չի եղել», հարկ ենք համարում նշել, որ այս պնդումները չեն համապատասխանում իրականությանը։


Այս մասին հաղորդագրություն է տարածել կոմբինատը։


«Կոմբինատին պատկանող և նախկինում վարձակալության հանձնված տարածքների վերաբերյալ իրականացված ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ մի շարք տարածքներ վարձակալության են հանձնվել շուկայական արժեքից էականորեն ցածր պայմաններով, ինչը չի համապատասխանում Կոմբինատի տնտեսական շահերին։


Իվետա Տոնոյանը հանդիպել է Կոմբինատի ղեկավարության հետ, որի ընթացքում հստակ ներկայացվել է, որ նախ պետք է որոշվի տարածքի իրական շուկայական արժեքը, որից հետո միայն կքննարկվեն վարձակալության հետագա պայմանները։ Այս համատեքստում առավել քան տարակուսելի են հանդիպումից հետո Իվետա Տոնոյանի հրապարակայնորեն հնչեցրած ձևակերպումները, որոնք չեն արտացոլում հանդիպման ընթացքում ներկայացված ամբողջական տեղեկատվությունն ու Կոմբինատի դիրքորոշումը։


Կոմբինատի գույքը կառավարվելու է բացառապես օրենքի, շուկայական արժեքի և կազմակերպության տնտեսական շահերի հիման վրա՝ անկախ առանձին անձանց կամ շրջանակների ցանկություններից և ակնկալիքներից։ Ինչ վերաբերում է աշխատասենյակների բաշխման վերաբերյալ պնդումներին, ապա դա բացառապես կազմակերպության ներքին կառավարման գործընթացների մաս է և կարգավորվում է գործող ղեկավարության որոշումներով՝ ելնելով կազմակերպության գործունեության անհրաժեշտությունից և չի կարող պայմանավորված լինել նախկինում ձևավորված գործելակերպի պահպանման ակնկալիքներով։


Հորդորում ենք զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և հանրությանը ապակողմնորոշող հայտարարություններ տարածելուց»,- ասվում է հաղորդագրության մեջ։