Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծն ու հարկաբյուջետային շրջանակը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:


ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է 2027–2029 թթ. հիմնական մակրոտնտեսական, հարկաբյուջետային ցուցանիշներն ու շրջանակները։ Մանրամասներ են ներկայացվել ոլորտային ծախսերի, ռազմավարական նշանակություն ունեցող ծախսային ուղղությունների վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ Կառավարության առաջնահերթություններին, հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումներին:


2027 թ. պետական բյուջեի նախագծի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ:


Նիկոլ Փաշինյանն ընդգծել է բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Վարչապետը շեշտել է՝ բյուջեի եկամտային մասը պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների աշխատանքի արդյունքն է և ծախսերի արդյունավետությունը կանխորոշում է եկամուտների աճը և տնտեսական ակտիվությունը։ Այդ համատեքստում՝ երկրի ղեկավարը շեշտել է, որ տնտեսական զարգացումը և ստվերի կրճատումը պետք է լինի Կառավարության բոլոր անդամների ուշադրության կենտրոնում։