Նոյեմբերի 1-ից Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի թողարկումը․ ՆԳ նախարար

Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 1-ից կմեկնարկի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի թողարկման գործընթացը։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

 

«Առաջիկա շաբաթների ընթացքում հանրությանը մանրամասն կներկայացվի, թե ինչ է իրենից ներկայացնում կենսաչափական նոր համակարգը, ինչ է այն փոխելու քաղաքացիների համար և ինչու է դրա ներդրումը կարևոր երկրի համար։

 

Նոր կենսաչափական փաստաթուղթը պարզապես անձնագիր չէ, այլ սահմանային անցակետերում թվային նույնացումն ապահովող հատուկ միջոց։ Այս նույնացումն իրականացվելու է անձնագրում տեղադրված անտեսանելի նոր սերնդի չիպի միջոցով, որը լինելու է փոխճանաչելի ամբողջ աշխարհում։

 

Գործող՝ առանց էլեկտրոնային կրիչի կամ հին նմուշի կրիչով անձնագրերը եվրոպացի սահմանապահները ստիպված են լինում թերթել ու ձեռքով հետազոտել, ինչի պատճառով կեղծիքի հավանականությունը համեմատաբար մեծ է։

 

Կենսաչափական անձնագրերի պարագայում սահմանային նույնացման գործընթացը տևելու է ընդամենը վայրկյաններ, իսկ փաստաթղթերի կեղծման հնարավորությունը հասցվելու է մոտ զրոյի»,-ասաց նա։