Այս պահի դրությամբ Հայաստանից արտահանվել է շուրջ 125 000 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որի գերակշիռ մասը դեռ արտահանվում է Ռուսաստան․ Արման Խոջոյան
Այս պահի դրությամբ Հայաստանից արտահանվել է շուրջ 125 000 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որից 31 000 տոննա ծիրան, 15 000 տոննա խաղող, 10 000 տոննա դեղձ, 20 000 տոննա լոլիկ։

Այդ մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Մեծ մասը այս գյուղատնտեսական մշակաբույսերն են կազմում։ Բայց պետք է նաև նշել, որ Հայաստանից արտահանվել է նաև մեծ քանակությամբ ծաղիկ, և ծաղկի արտահանումը անգամներով աճել է։ Հիմնականում արտահանվող երկրներն են ՌԴ, Բելառուս, Արաբական Միացյալ էմիրություններ, Կատար և Ֆրանսիա։ Սակայն թարմ պտուղ-բանջարեղենի գերակշիռ մասը դեռ արտահանվում է Ռուսաստան»,- ասաց նախարարի տեղակալը։

Ինչպես տեղեկացրեց Արման Խոջոյանը, ընդհանուր առմամբ այսօրվա դրությամբ, ըստ իրենց օպերատիվ տեղեկատվության, մթերվել է շուրջ 86 000 տոննա պտուղ-բանջարեղեն, սակայն նշած թվի մեջ չի ներառվում խաղողը։ Այս տարի մթերվել է շուրջ 160 000 տոննա խաղող։
 
Արման Խոջոյանի խոսքով՝ համեմատական կարգով պտուղ-բանջարեղենի մթերման ծավալներն ավելացել է շուրջ վեց տոկոսով, իսկ խաղողի մթերման ծավալները նվազել են շուրջ 15 տոկոսով, ինչը պայմանավորված է միայն բերքատվության նվազմամբ, քանի որ ստացված ամբողջ խաղողի ծավալը մթերվել է։

Խոսելով նաև էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության զարգացման ծրագրերից, ասաց, որ այսօրվա դրությամբ հասանելի են շուրջ 14 ծրագրեր։

«Իհարկե կառանձնացնեմ մի քանիսն այս ծրագրերից՝ գյուղտեխնիկայի լիզինգի ծրագիրը, որը ֆերմերներին հասանելի է 2 տոկոսով։ Այս տարի, այս ծրագրի շրջանակներում  ձեռք է բերվել արդեն շուրջ 600 միավոր գյուղտեխնիկա ընդհանուր գումարային ծավալով այն 2,5 միլիարդ դրամ է կազմում։ Ագրովերամշակման սարքավորումների հետբերքահավաքային կարողությունների զարգացման նպատակով մեկ այլ մեր լիզինգի գործիքի շրջանակներում ձեռք է բերվել շուրջ 300 միավոր վերամշակման սարքավորումներ, ընդհանուր գումարային արտահայտմամբ ծավալը կազմել է 4,5 միլիարդ դրամ։ Ծրագրի մեկնարկից մինչև հիմա՝ գործող պորտֆելը կազմում է ագրովերամշակման մասով շուրջ 40 միլիարդ դրամ, իսկ գյուղտեխնիկայի մասով՝ շուրջ 15 միլիարդ դրամ։ Այս տարի մենք ունեցել ենք նաև բավականին մեծ հայտեր՝ ինտենսիվ այգիների հիմնման։ Ընդհանուր, շուրջ 2000 հեկտար հիմնելու հայտ է ներկայացվել։ Եվ մենք հնչեցնում ենք ինտենսիվ այգիների հիմնման հայտերի մասին տեղեկատվությունը, կուզեի որ մենք հստակ գիտակցենք, որ այն գործընթաց է, որը կարող է տևել մեկից մինչև երկու տարի։ Հետևաբար՝ այս երկու հազար հեկտարը հիմնվելու է այս տարվանից սկսած՝ ևս մեկ կամ երկու տարվա ընթացքում»,- նշեց նախարարի տեղակալը։

 Խոսելով նաև ցորենի ցանքատարածությունների մասին, Արման Խոջոյանն ասաց, որ 2022 թվականին կառավարությունը հայտարարեց ցորենի ցանքատարածությունների ընդլայնման և արտադրության խթանման ծրագիր, որի բյուջեն կազմել է շուրջ 4,8 միլիարդ դրամ, ինչ  նպաստեց շուրջ 14 000 հեկտարով ցորենի ցանքատարածությունների ավելացմանը, և եթե նախորդ տարիներին ցորենի բերքատվությունը կազմել է շուրջ 140 000 տոննա, ապա այս տարվա իրենց օպերատիվ տվյալներով՝ այն կազմում է 190 000 տոննա։
 
«Իհարկե այս ամենը նպաստել է, բայց միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել, որ փոքր տարածքներում մշակությունը բավականին ծախսատար է։ Միատարր բերքատվություն հնարավոր չի լինում ստանալ, և դա արդեն արժեշղթայի հետագա  փուլերում առաջացնում է իր դժվարությունները և խնդիրները»,-ասաց նախարարի տեղակալը։
 
Ամփոփելով գյուղատնտեսական տարին՝ Արման Խոջոյանը նշեց, որ վերլուծելով վիճակագրական կոմիտեի 2023 թվականի 9 ամիսների տվյալները, արդեն նկատելի է գյուղատնտեսության ոլորտում շուրջ 1,7 տոկոս աճ և լիահույս է, որ այս դրական դինամիկան կպահպանվի մինչև տարեվերջ։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Լիլիթ Թադևոսյան