«ՀՀ-ում գործում է էլեկտրաէներգիայի մի քանի սանդղականի սակագին, և դա կապված է էլեկտրաէներգիայի ծախսի ծավալների հետ, և շատ դեպքերում որոշակի սանդղակի սպառողները վճարում են ավելի շատ, քան սովորական սպառողները։ Սակայն այդ խնդրին մենք լուծում ունենք։ Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումից հետո կան էլեկտրաէներգիա արտադրող տարբեր ընկերություններ, և նրանք ունեն տարբեր սակագներ։ Ցանկացած սպառող կարող է էլեկտրաէներգիա գնել ոչ թե ՀԷՑ-ից, այլ էլեկտրաէներգիա արտադրողից։ Եթե այդ էլեկտրաէներգիան թանկ է, ապա կարող եք բանակցել ու մեկ այլ էլեկտրաէներգիա գնել»,- ուղիղ եթերում քաղաքացիների տեսահարցերին պատասխանելու ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնին։
Վարչապետը ասաց, որ երբ քաղաքացին էլեկտրաէներգիա է գնում այլ արտադրողից, ՀԷՑ-ը պարտավոր է այն հասցնել սպառողին։
Անդրադառնալով բանկային համակարգին ու դրանում առկա հարցերին՝ վարչապետը նշեց. «Շատ է փորձ արվում բանկային համակարգը դեմոնիզացնել, բայց իհարկե տոկոսների խնդիրը հասկանալի է։ Բայց ուզում եմ հասկանանք, թե բանկային համակարգը ինչպես է աշխատում։ Բանկային գումարները ձևավորվում են հետևյալ կերպ՝ երբ քաղաքացիները ավանդ են ունենում բանկում, իսկ բանկը դա տրամադրում է այլ քաղաքացիների։ Եվ բանկը այս դեպքում ավանդատուների համար տոկոսներ է առաջարկում, և կարծում եմ՝ բանկը պետք է ավելի շատ տոկոս առաջարկի»։
Փաշինյանը ավելացրեց՝ ընդունում է, որ Հայաստանում վարկերի տրամադրման տոկոսները բարձր են. «Նշեմ, որ դա կախված է նաև համաշխարհային տրենդներից։ Այդ տոկոսը փողի գինն է, որը ավելանում է և պակասում։ Մի շատ կարևոր բան էլ կա, որ Կառավարությունը բանկային համակարգի գործունեությանը որևէ միջամտություն ցույց չի տվել, և սրանով մենք կարողացել ենք պահպանել մակրոտնտեսական կայունությունը»։
Վարչապետը հավելեց, որ բանկերի կողմից տրամադրվող վարկերի տոկոսները որոշակի չափով կառավարում է նաև Կենտրոնական բանկը. «Իրենք վերաֆինանսավորման տոկոսադրույք են սահմանում, ու երբեմն Կենտրոնական բանկը ուզում է այնպես անել, որ վարկերը լինեն մատչելի, իսկ երբեմն էլ՝ պակաս մատչելի։ Դա կապված է գնաճի հետ։ Երբ որ դուք լսում եք, որ Կենտրոնական բանկը բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դա կապված է գնաճի հետ։ Այդպիսով մենք զսպում ենք գնաճը, որովհետև ինչքան շատ է գումարը, այնքան շատ է առևտուրը և պահանջարկը։ Բայց, այո, մենք ընդունում ենք, որ Կառավարությունը այդտեղ անելիք ունի»։
Մանրամասները՝ տեսանյութում