Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին, խորհուրդ է տվել հաշվի առնել Թուրքիայի փորձը։
«Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու դիմումին, ես այստեղ ամբողջ ընթացքում խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ հիշել Թուրքիայի փորձը, մի շարք այլ երկրների փորձը, որոնց դիմում ներկայացնելու պահից արդեն անցել են տասնյակ տարիներ, տասնյակ տարիներ, իսկ սայլը դեռ տեղում է»,– լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը։
Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել էր Եվրամիությանն անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը, որը նույն տարվա ապրիլին ստորագրել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը ապագայում կսկսի ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու գործընթացը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել էր, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական տնտեսական միության մաքսային համակարգերում։