ԱՄՆ-ը շարունակում է լիովին հանձնառու լինել Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությանը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները պատմական է անվանել՝ ընդգծելով Դոնալդ Թրամփի դերը խաղաղության գործընթացում։

Ռուբիոն նշել է, որ համատեղ հռչակագիրը վերջ դրեց Հարավային Կովկասում տասնամյակներ շարունակվող հակամարտությանը և հիմք դրեց տարածաշրջանում խաղաղության ու տնտեսական զարգացման նոր փուլին։


Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ը Հայաստանի և Ադրբեջանի հետ աշխատել է TRIPP նախագծի իրականացման ուղղությամբ։ Բազմամոդել տարանցիկ ուղին ներառում է երկաթուղային, ավտոմոբիլային, էներգետիկ և թվային ենթակառուցվածքներ։


Ռուբիոն հայտնել է նաև, որ սկսել է գործել Թրանս Կասպյան ձեռնարկությունների հիմնադրամը, որի կապիտալը կազմում է 201 մլն դոլար՝ ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ։ Հիմնադրամը նպատակ ունի խթանել մասնավոր ներդրումները Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։


«TRIPP-ը պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ։ Այն Անդրկասպյան առևտրային երթուղու կարևոր օղակ է և օրինակ, թե ինչպես կարող է տնտեսական համագործակցությունն ամրապնդել խաղաղությունը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։


Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակելու է համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման նպատակով։