ԱՄՆ կառավարությունը կրկնապատկել է TRIPP+ ձեռնարկատիրական հիմնադրամի ֆինանսավորումը՝ այն սկզբնական 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոն դոլարի։
Տվյալները հրապարակվել են ԱՄՆ կառավարության պաշտոնական ծախսերի տվյալների բազայում՝ USAspending.gov-ում, որտեղ Հայաստանը նշված է որպես նախագծի իրականացման հիմնական վայր։
Ֆինանսավորումը կապված է «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) կապի նախաձեռնության հետ, որը նախատեսում է Հայաստանի հարավային մասի միջով տրանսպորտային երթուղու զարգացում՝ Հարավային Կովկասը Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքին միացնելու նպատակով։
Հրապարակված տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվարի 30-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն TRIPP+ ձեռնարկատիրական հիմնադրամին տրամադրել է 201 միլիոն դոլարի դրամաշնորհ, որի իրականացման ժամկետը սահմանվել է մինչև 2036 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հուլիսի 16-ին դրամաշնորհային համաձայնագրում կատարված փոփոխությունը ֆինանսավորման պարտավորությունը մեծացրել է մինչև 402 միլիոն դոլար՝ առանց նախագծի ավարտի ժամկետը երկարաձգելու։
Տվյալները ցույց են տալիս, որ նախագծի համար արդեն գրանցվել է 402 միլիոն դոլարի ամբողջական ֆինանսական պարտավորությունը։
TRIPP+ ձեռնարկությունների հիմնադրամը ստեղծվել է 2026 թվականի հունվարի 26-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև Վաշինգտոնում կայացած հանդիպումից երկու շաբաթ անց։
Հանդիպման ավարտին կողմերը հրապարակել են փաստաթուղթ, որում նշվում է, որ ստեղծելու են TRIPP զարգացման ընկերությունը՝ կազմակերպություն, որը պատասխանատու է TRIPP նախագծի ենթակառուցվածքների զարգացման և իրականացման ապահովման համար։ Հայաստանի Հանրապետությունը կունենա ընկերության 26% բաժնեմաս, իսկ Միացյալ Նահանգները՝ 74%։
TRIPP+ ձեռնարկությունների հիմնադրամը և TRIPP զարգացման ընկերությունը առանձին կազմակերպություններ են։ Վերջինս նախատեսված է ենթակառուցվածքային նախագծի մշակման և իրականացման վերահսկման համար։
TRIPP զարգացման ընկերությունը, ինչպես սպասվում է, կգործի ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) հովանու ներքո։
Զարգացման ընկերության համեմատ, TRIPP+ ձեռնարկությունների հիմնադրամը ստեղծվել է որպես առանձին ներդրումային հիմնադրամ։ Գործարար Կոնստանտին Սոկոլովը նշանակվել է դրա ղեկավար։
ԱՄՆ ֆինանսավորման աճը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը ձգտում է ընդլայնել իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում՝ աջակցելով տրանսպորտային և տնտեսական կապի զարգացմանը, ինչպես նաև առաջ մղելով տարածաշրջանը Տրանսկասպյան միջանցքին կապող նախագծերը։
Թարգմանությունը՝ Radar.am-ի