Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ․ Լի Ցյանը շնորհավորական ուղերձ է հղել է Նիկոլ Փաշինյանին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Ցյանը շնորհավորական ուղերձ է հղել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։


Ուղերձում ասվում է.


«Ձերդ գերազանցություն,


Մեծ հաճույքով իմացա Ձեր վերանշանակման մասին։ Այս առիթով ցանկանում եմ հղել իմ անկեղծ շնորհավորանքները։


Չինաստանը և Հայաստանը վայելում են երկարամյա ավանդական բարեկամություն։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 34 տարի առաջ, երկկողմ հարաբերությունները պահպանել են ամուր և կայուն աճ, իսկ գործնական համագործակցությունը տվել է բեղմնավոր արդյունքներ։


Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ առաջնորդվելով փոխադարձ հարգանքի, փոխադարձ վստահության և փոխշահավետ սկզբունքներով, խորացնելու համագործակցությունը բոլոր ոլորտներում և շարունակաբար հարստացնելու երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը։


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր ջանքերում»: