Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին և Վրաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Էմի Դիասը քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը:
Այս մասին նախարարը պատմել է Daily Chronicle հաղորդման ընթացքում:
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին երկու երկրների միջև հարաբերություններում դրական փոփոխություններ են նկատվում:
«Վերջին ամիսներին մեր հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում: Մենք բազմիցս արտահայտել ենք ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններից ունեցած սպասելիքները: Մենք ցանկանում ենք, որ այդ հարաբերությունները հիմնված լինեն փոխադարձ հարգանքի, փոխշահավետ ռազմավարական գործընկերության վրա: Մենք կշարունակենք աշխատանքն այս ուղղությամբ ամերիկյան կողմի հետ»,- ընդգծել է Բոչորիշվիլին:
Նա հավելել է, որ Վաշինգտոնի վերջին քայլերը լրացուցիչ հնարավորություն են ստեղծել վրացական կողմի համար՝ իր դիրքորոշումը ԱՄՆ-ին հասցնելու համար:
Նախարարը հայտարարել է, որ հավատում է Վրաստանի հետ հարաբերություններում ԱՄՆ նոր վարչակազմի արդարացի մոտեցմանը. «Մենք պատրաստ ենք շարունակել քաղաքական երկխոսությունը ԱՄՆ-ի հետ և նույնն ենք ակնկալում նրանցից»:
Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ հանգել են այն եզրակացության, որ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը վերագործարկման կարիք ունի.
«Կարելի է ասել, որ երկու կողմերն էլ կիսում են այն կարծիքը, որ մենք պետք է ռազմավարական գործընկերության մասին զրույցը սկսենք նոր էջից: Այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ այն պետք է հագեցած լինի կոնկրետ բովանդակությամբ: Այն, թե ինչպես կձևավորվի այդ բովանդակությունը, անասկած, դիվանագիտական գործունեության և ամերիկյան կողմի հետ քաղաքական երկխոսության առարկա կդառնա»: