Չկողմնորոշվածների, տատանվողների, եթե կուզեք՝ «պոզդնիների» կուսակցություն. թերևս այսպես կարելի է կոչել «ուժեղ» ածականով ինքզինքը բրենդավորած քաղաքական կազմակերպությանը՝ հայտնի որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցություն։ Այս նորածիլ կուսակցության ակնբախ արատի՝ ուշ կողմնորոշվելու մասին կարելի էր գլխի ընկնել դեռ այն ժամանակ, երբ այն շարժման կարգավիճակ ուներ ու կրում էր «Մեր ձևով» անունը։ Այդ շարժումը, որը ՌԴ-ից ՀՀ գործուղված Սամվել Կարապետյանին կալանավորելու բերումով ի հայտ եկավ և իրեն որպես անուն ընտրեց միլիարդատիրոջ արտաբերած հայտնի միտքը՝ «մեր ձևով», հիշեցնենք, սկզբում իրեն հայտարարել էր ապաքաղաքական շարժում։ Բայց հետո, հասկանալով, որ քաղաքագիտական առումով տգիտություն, նոնսենս է՝ դիրքավորվել որպես ապաքաղաքական ուժ ու քաղաքական ճոխ ամբիցիաներ ունենալ, փոխակերպվեց քաղաքական կազմակերպության՝ գրանցվեց որպես կուսակցություն։ Այս կարգավիճակում էլ, նկատենք, ՀՀ վարչապետի աթոռին բազմելու ախորժակ ունեցող սուբյեկտն ու նրա թիմը չէին կողմնորոշվում՝ սկզբում կուսակցության անունը դրել էին «Հայամետ», դրա ծրագիրն ու կանոնադրությունը պետռեգիստրում հենց այդ անվան ներքո էլ գրանցել, բայց հետո փոշմանեցին՝ ևս մեկ համագումար արեցին ու անվանափոխեցին, վերանայեցին նաև իրենց ծրագիրը՝ այս անգամ արդեն հռչակվելով «Ուժեղ Հայաստան»։ Թվում էր, թե «ուժեղ» ածականն անընդհատ կրկնելով կթոթափեն իրենց չկողմնորոշված լինելու արատը, սակայն ոչ, հետագա զարգացումներն այլ պատկեր վեր հանեցին։ Սկզբում հայտարարեցին, թե նախկին իշխանությունների հետ գործակցությունը բացառվում է, սակայն հետո պարզվեց, որ ԿԸՀ ներկայացված ընտրական ցուցակում մեկումեջ ներառված են նախկիններից «սերող» որոշ դեմքեր՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արամ Վարդևանյան, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի օրոք Վանաձորի քաղաքապետ դարձած, նախկին ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյան, նախկին դեսպան, նախկին մարզպետ Էդգար Ղազարյան, ՍԴ նախկին դատավոր Հրայր Թովմասյանի սանուհի Գոհար Մելոյան, Սերժ Սարգսյանի ձևավորած սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի երբեմնի նախագահ Գագիկ Ղազինյանի որդի Դավիթ Ղազինյան, որը նաև նույն Քոչարյանի դաշինքով 2021-ին պատգամավոր դարձած ու մանդատը վայր դրած Արթուր Ղազինյանի եղբայրն է։ Ինքը՝ ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանն էլ, նորություն չէ, «նախկին իշխանություն համարվող» ՀՀԿ-ի ներկայացուցչի, պատգամավորի, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի որդին է։
Հարկ
է նկատել, որ մանդատները վերցնելու հարցում էլ պարոնայք և տիկնայք «ուժեղները» սաստիկ չէին կողմնորոշվում։ Ավելին՝
կողմնորոշման հարցում որոշեցին դիմել հնարքի՝ «Տաշիր Արենա»-ում՝ կրկեսում, հավաքեցին
իրենց ձայն տված մի խումբ քաղաքացիների ու
հարցրին նրանց «հեղինաԳավոր կարծիքը»։ Ընտրողների
կարծիքները թեև կիսվել էին, սակայն «ուժեղները» որոշեցին կողմնորոշվել․․․ դեպի մանդատները
վերցնելը։ Ինչևէ, լավ է, որ գոնե կողմնորոշվեցին։
Ուշագրավ է, որ ԱԺ 9-րդ գումարման խորհրդարան անցած քաղաքական խմբակցություններից «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու «Հայաստան»-ն արդեն հայտնել են (ՔՊ-ն ընտրել է վարչության կողմից), թե ովքեր են լինելու խորհրդարանական պաշտոններում իրենց թեկնածուները։ ՔՊ-ն նախօրեին ընտրեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներին, դրանից առաջ էլ՝ խմբակցության ղեկավարի, ԱԺ նախագահի և փոխնախագահների պաշտոնների թեկնածուներին։ «Հայաստան» դաշինքի դեպքում էլ ԱԺ-ում զբաղեցնելիք պաշտոնների մասով ամեն բան հստակ է՝ հայտնի են խմբակցության թե ղեկավարի, թե քարտուղարի պաշտոնի թեկնածուները։ Իսկ այ մեծությամբ առաջին ընդդիմադիր ուժի՝ «Ուժեղ Հայաստան»-ի դեպքում մինչև այս պահը դեռ ոչինչ հայտնի չէ։ Այդ կուսակցությունում, ինչպես ասում են, հլը որ «խառն են», տատամսում են, չեն կողմնորոշվել՝ ում առաջադրել խմբակցության ղեկավարի ու քարտուղարի պաշտոնում, ում՝ ԱԺ փոխնախագահի, եթե, իհարկե, որոշեն իրացնել ԱԺ փոխնախագահ, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ ունենալու՝ օրենքով սահմանված քվոտան։ Երբ այս ընթացքում հարցնում էինք ՈՒՀԿ ներկայացուցիչներին՝ ունե՞ն որոշում խորհրդարանական պաշտոնների մասով, ո՞ւմ թեկնածությունն է քննարկվում, ասենք, խմբակցության ղեկավարի պաշտոնում, «ուժեղները» կամ խոսքը կտուրն էին գցում, կամ էլ սարուձոր ընկնում։ Թե՝ «գուցե», «կարող է», «կքննարկենք, կասենք»։ Թե ե՞րբ է տեղի ունենալու այդ քննարկումը՝ «Ուժեղ Հայաստան»-ից չեն շտապում հայտնել, սակայն դատելով մամուլի հրապարակումներից՝ քննարկումը տեղի է ունենալու կամ ուրբաթ, կամ․․․ շաբաթ։ «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոսին հիշեցինք, որն այդպես էլ հստակ չէր նշում՝ հարսնացուի մայրը՝ գործուղման մեկնած Նատալյա Սեմյոնովնան, ե՞րբ կգա՝ «զավտռա՞, իլի մոժետ բիծ պոսլե զավտռա»․․․ Հուսանք՝ մինչև օգոստոսի 2-ը՝ ԱԺ անդրանիկ նիստի մեկնարկը, ուժեղները խելք խելքի կտան՝ «գլխավոր խելոքի» առաջնորդությամբ, ու վերջապես կկողմնորոշվեն՝ ում որ պաշտոնին առաջադրել։
Ի դեպ, մանդատ ստացած ու խորհրդարան գնացած 29 ՈՒՀԿ-ականներից միայն մեկը՝ Արամ Վարդևանյանն
է, որ պատգամավոր աշխատելու փորձ ունի։ Մնացածը առաջին անգամ են խորհրդարան ոտք
դնելու։ Մանդատ ստացածներից ամենաավագը Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն
Ասլանյանն է՝ 53 տարեկան, հետո՝ էպատաժային Էդգար Ղազարյանը՝ 51 տարեկան։
Մնացածը, ինչպես օրերս կայքերից մեկի հետ հարցազրույցում
ազդարարել է նախկին դեսպան, ըստ լուրերի՝ Սամվել Կարապետյանին իր զարմանազան
հանաքներով ու խորհուրդներով զվարճացնող, «կողմնորոշող» Էդգար Ղազարյանը․ «Գրագետ,
ուսյալ, կրթված, երիտասարդական ավյունով, գիտելիքներով, վճռականությամբ, համառ
պայքարի տրամադրված երիտասարդ գործիչներ են»։
Ի դեպ, երբ 2018-ի արտահերթ ընտրությունների ժամանակ խորհրդարան անցավ ու մեծամասնություն դարձավ
«Իմ քայլը» խմբակցությունը, որտեղ երիտասարդ դեմքերը գերակշռում էին, նախկին
իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ Էդգար Ղազարյանը, ծաղրանքով ու
հեգնանքով էին արտահայտվում կառավարող ուժի հասցեին, ԱԺ-ն համեմատում մանկապատանեկան
խմբակի հետ։ Ընդհուպ երիտասարդ լինելը
համարվում էր ոչ թե արժանիք, առավելություն, այլ՝ արատ ու պակասություն։
Մի դիտարկում էլ՝ դեռ նորընտիր ԱԺ-ի նիստերը չմեկնարկած՝
արդեն իսկ կանխատեսումներ են հնչում, որ ՈՒՀԿ-ով խորհրդարան անցած պատգամավորներից
ոմանց մոտ խորհրդարանական աշխատանքի ընթացքում հնարավոր է սրվի
չկողմնորոշվածության սինդրոմը, և նրանք որոշեն վճռականորեն դուրս գալ խմբակցությունից
ու դառնալ «համառ», բայց «անկախ պատգամավոր»։
Հեղինե Մանուկյան