Երևանում քննարկվել է Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ընթացքը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Համիդ Ղանբարին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:


 

Նախարարը շնորհակալություն է հայտնել օրերս ԻԻՀ կատարած այցի ընթացքում ջերմ ընդունելության համար։ Նախարարն ընդգծել է՝ հարցերի այն լայն շրջանակը, որը քննարկվել է Իրանում, և ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան առաջիկայում էլ ավելի խորացնել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի փոխգործակցությունը։


 

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային և ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցեր։


 

Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանում շինարարական աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածության ծավալը երբեք այսքան մեծ չի եղել, ինչը միայն ողջունելի է։


 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին՝ ընդգծելով ծրագրի ռազմավարական նշանակությունը։