ԱՄՆ Սենատը հուլիսի 29-ին երկրորդ ընթացակարգային քվեարկությամբ հավանություն է տվել Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման մասին օրինագծի հետագա քննարկմանը։ Նիստը հեռարձակվել է C-SPAN հեռուստաալիքով։
Օրինագծի քննարկումը սկսելու օգտին քվեարկել է 84 սենատոր, դեմ՝ 12-ը։ Արդյունքները թույլ են տալիս շարունակել օրենսդրական գործընթացը, իսկ հաջորդ փուլում փաստաթուղթը կարող է դրվել վերջնական քվեարկության։
Նշենք, որ օրինագծի առաջին ընթացակարգային քվեարկությունը կայացել էր հուլիսի 28-ին։ Այդ ժամանակ նախաձեռնությանը կողմ էր քվեարկել 86 սենատոր, դեմ՝ 12-ը։
Օրինագծի նոր խմբագրությամբ նախատեսվում է խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի բարձրագույն քաղաքական և ռազմական ղեկավարության, պետական ընկերությունների, ինչպես նաև այն օտարերկրյա կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ ամերիկյան կողմի, աջակցում են Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին։
Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի Կենտրոնական բանկի, «Սբերբանկ»-ի, «Գազպրոմբանկ»-ի և ռուսական խոշոր էներգետիկ նախագծերի, այդ թվում՝ «Յամալ СПГ»-ի, «Արկտիկ СПГ»-ի նախագծերի նկատմամբ։