Եվրամիությունը Հայաստանից կարող է պահանջել վիզային ռեժիմ սահմանել Ռուսաստանի հետ՝ երկրի եվրաինտեգրման ճանապարհին հետագա առաջխաղացման շրջանակներում։
Այս
մասին հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ հղում անելով աղբյուրներին և փորձագետներին։
Թերթի տեղեկություններով՝ այս
հարցը կարող է դառնալ ԵՄ-ի հետ Երևանի համագործակցությունը խորացնելու պայմաններից
մեկը, քանի որ Բրյուսելը ձգտում է թեկնածու երկրների միգրացիոն քաղաքականությունը
համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին։
Ինչպես
նշում են հրապարակման հեղինակները, վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը
կարող է բարդացնել երկու երկրների միջև քաղաքացիների տեղաշարժը և դառնալ Երևանի ու
Մոսկվայի միջև հարաբերությունների ամենազգայուն հարցերից մեկը։
«Ռուսաստանի
հետ վիզային ռեժիմ սահմանելը հղի է Հայաստանի համար ծանր տնտեսական հետևանքներով՝ հաշվի
առնելով, որ 2025 թվականին ռուսները ապահովել են
հանրապետության զբոսաշրջային հոսքի մոտ 40%-ը (ավելի քան 900 հազար
մարդ): Բացի դրանից, Ռուսաստանից փոխանցումները, որոնք 2025 թվականին կազմել են 3,87 միլիարդ
դոլար, ձևավորում են Հայաստանի ՀՆԱ-ի մեկ ութերորդ մասը, և
դրանց դադարեցումը կհարվածի արտարժույթի ստացումներին»,-
գրում է «Իզվեստիան»:
Պարբերականը նշում է, որ
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և երկկողմ կապերի հնարավոր խզումը բազմաթիվ խնդիրներ
կստեղծեն նաև Ռուսաստանի համար. «Մոսկվան կկորցնի իր ռազմավարական հենարանը Անդրկովկասում,
սպառնալիքի տակ կհայտնվի Գյումրիում մեր ռազմաբազայի աշխատանքը: Վերջապես, առանց վիզայի ռեժիմի դադարեցումը և առևտրի կրճատումը կբարդացնեն
լոգիստիկ շղթաները: Հետևաբար Մոսկվան նույնպես շահագրգռված է Հայաստանի անդամակցությամբ ԵԱՏՄ-ին և նրա հետ սերտ հարաբերությունների պահպանմամբ»: