Ներքին գործերի նախարարությունում պարզաբանել են, որ վերջին փոփոխությունները չեն վերաբերում առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշերին, որոնց նկատմամբ գործող աճուրդային կարգը պահպանվում է անփոփոխ։4
Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում կատարված փոփոխությունների վերաբերյալ ասուլիսի ընթացքում ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը հորդորել է չշփոթել երկու կարգավորումները՝ ընդգծելով, որ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշերի աճուրդային կանոնակարգերում որևէ փոփոխություն չի կատարվել։
Նրա խոսքով՝ նախարարության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղաքացիների շրջանում մեծ պահանջարկ են վայելում նաև այն համարանիշերը, որոնց թվային հատվածում առկա են «0» թվեր, ինչպես նաև մեկ կամ մի քանի կրկնվող թվեր՝ նույն կամ տարբեր լատինական տառերի համադրությամբ։ Մինչ այժմ նման համարանիշերի առաջնային օգտագործման իրավունքի ձեռքբերման համար ամբողջական իրավական կարգավորում նախատեսված չէր։
Նոր կարգավորմամբ այդ համադրությունները ներառվել են մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում և այսուհետ տրամադրվելու են առանց աճուրդի՝ հաստատագրված գնով։ Գները սահմանվել են 250 հազարից մինչև 8 միլիոն դրամ՝ կախված թվերի և տառերի համադրությունից։ Օրինակ՝ 250 հազար դրամ արժողությամբ համարանիշերի շարքում ներառվել է նաև 00 AB 778 տիպի համադրությունը։
ՆԳՆ հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետի տեղակալ Տիգրան Գևորգյանի խոսքով՝ նոր համարանիշերը նախատեսված են 7 նիշ ունեցող պետհամարանիշերով տրանսպորտային միջոցների համար և կարող են ձեռք բերվել հաշվառման ընթացքում՝ սահմանված վճարը կատարելուց հետո։
Նրա ներկայացրած տվյալներով՝ նոր կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո երեք օրվա ընթացքում տրամադրվել է 224 մեծ պահանջարկ ունեցող համարանիշ, որոնցից 165-ն արդեն վաճառվել են։ Արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 234 մլն 400 հազար դրամ, իսկ ամենապահանջվածը եղել են 600 հազար դրամ արժողությամբ համարանիշերը։
Հիշեցնենք, որ նոր չափորոշիչները սահմանող ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել 2026 թվականի հուլիսի 23-ին։