«Ռոսսելխոզնադզորը» կասեցրել է Բելառուսի միջոցով հայկական վարդեր ներմուծելու փորձը

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտարարել է, որ կանխել է Բելառուսի տարածքով հայկական ծագում ունեցող ավելի քան 39 հազար վարդերի ապօրինի ներմուծման փորձը։


Գերատեսչության տվյալներով՝ 39,2 հազար վարդ տեղափոխող բեռնատարը կանգնեցվել է Սմոլենսկի մաքսակետում։ Այն վարում էր Բելառուսի քաղաքացի, իսկ ուղեկցող փաստաթղթերում բեռը ներկայացված էր որպես ոչ ալկոհոլային տոնուսավորող ըմպելիքներ։


Ստուգման ընթացքում բեռնախցում հայտնաբերվել են ծաղիկներ, որոնց համար բացակայել են բուսասանիտարական և ապրանքաուղեկցող փաստաթղթերը։ Պահպանված մակնշման պիտակների հատվածները, ըստ Ռոսսելխոզնադզորի, վկայել են, որ վարդերը հայկական ծագում ունեն։


Գերատեսչությունը հիշեցրել է, որ 2026 թվականի մայիսի 22-ից արգելվել է Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծումն ու դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով, իսկ հունիսի 12-ից սահմանափակումները տարածվել են Հայաստանից ծագող և առաքվող ամբողջ կարանտինային արտադրանքի վրա։ Ըստ ռուսական կողմի՝ միջոցներն ընդունվել են վտանգավոր կարանտինային օբյեկտների ներթափանցումը կանխելու նպատակով։


Ռոսսելխոզնադզորի որոշմամբ, հայտնաբերված վարդերի խմբաքանակը հուլիսի 23-ին ոչնչացվել է, իսկ փոխադրողը ենթարկվել է վարչական պատասխանատվության։