Ֆրանսիայի դեսպանատանը հուլիսի 14-ին կազմակերպված ընդունելությունից հետո գրանցված թունավորումից հետքերով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ կանի բոլոր մատակարարների մոտ։
Այս մասին հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ ՍԱՏՄ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ստուգումներ է իրականացնելու «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, որն ապահովել էր Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրասիրությունը։ Դրանից հետո մի շարք քաղաքացիներ բուժօգնության էին դիմել աղիքային վարակի ախտանշաններով։
«Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի վերոնշյալ սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում, մասնավորապես՝ «Արմենիա Մարիոթ» և «Քարֆուր Արմենիա»՝ սաղմոնով կրուասան, «Արմենիա Մարիոթ»՝ ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով,«Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ՝ ելակ»,- հայտնում են տեսչական մարմնից: Ստուգումների արդյունքները կհրապարակվեն:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին՝ Բաստիլի գրավման օրը, Ֆրանսիայի դեսպանատանն ընդունելություն էր կազմակերպվել, որից հետո բազմաթիվ հյուրեր բուժօգնության են դիմել աղիքային վարակի ախտանշաններով։ Միջոցառման ժամանակ հյուրասիրություն էր կազմակերպվել, որի ընթացքում մատուցվել էր նաև ձկնամթերք։ Քանի որ միջոցառումը բացօթյա էր, սնունդը երկար ժամանակ մնացել էր դրսում՝ արևի տակ։ Հյուրասիրությունն ապահովել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը։ Ֆրանսիայի դեսպանությունն էլ պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ հայցելով հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար և նշելով, որ դիմել են առողջապահության նախարարությանը։