2026 թվականի 6 ամիսների ընթացքում ՆԳՆ ոստիկանություն ստացվել է ընտանեկան և կենցաղային բռնության մասին 1375 հաղորդում։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ստացված 1297-ի համեմատ հաղորդումներ թիվը 78-ով ավելացել է։ Տեղեկությունը հայտնել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը։
Նրա խոսքով` 2026 թվականի 6 ամիսների ընթացքում արձանագրված դեպքերից 325-ով կայացվել է նախազգուշացում կիրառելու մասին որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 304-ի դիմաց։ 961 դեպքով կայացվել է անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշում՝ 2025 թվականի 6 ամիսների ընթացքում գրանցված 833-ի համեմատ։
«2026 թվականի 6 ամիսների ընթացքում ոստիկանությունում հաշվառվել է բռնություն գործադրած 1155 անձ․ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հաշվառվել էր 1011 անձ»,–նշել է նա։
Խաչատրյանն ընդգծել է, որ բռնության դեպքերին առավել արագ արձագանքելու նպատակով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ոստիկանության համագործակցության շրջանակում 2025 թվականին գործարկվել է «Safe you» հավելվածը։
«Առաջին հայացքից կթվա, թե «Safe you» հավելվածը ոստիկանություն ահազանգելու ինչ-որ այլընտրանքային գործիք է, սակայն իրականում մեկ կանչի պարագայում միաժամանակ ապահովվում է բոլոր պետական մարմինների ներգրավվածությունը, ինչը և՛ օպերատիվ, և՛ արագ արձագանքման, և՛ պաշտպանության կազմակերպման տեսանկյունից մեծ նշանակություն ունի»,- նշել է նա։