Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ հիշեցնում է 2015 թվականի ՀՀԿ-ի հայտնի նիստը: «Որքան ես հիշում եմ՝ 2015 թվականին նրան նաև Սամվել Կարապետյանի ջանքերով հեռացրին քաղաքականությունից։ Երբ Ծառուկյանի խնամի «Մկով» բամփեցին գլխին, այսօր նրան քաղբանտարկյալ համարողները, նրա համար լացողներն ո՞ւր էին։ Որևէ մեկն աղմուկ չբարձրացրեց, երբ նա դրժեց իր խոսքը՝ առ այն, որ չի նահանջի, ով էլ նահանջի՝ անբարոյականի զավակ է։ Այսինքն՝ երդում էր տվել, ինչպես կասեն այսօրվա բլոգերները՝ քֆուրի տակ էր ընկել։ Ոչ ոք չասաց, որ բամփեցին գլխին, կազմակերպեցին նրան նվիրված մի ամբողջ նիստ»,- հարցադրում է անում նա։
Հովհաննիսյանը հիշեցնում է, որ այդ նիստի ընթացքում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ինքն է ժամանակին հրահանգել, որ նրան «Դոդի Գագո» չասեն, ասեն՝ Գագիկ Ծառուկյան, իսկ այդ օրվանից հակառակն է մտադիր անել: «Ազդանշան էր տալիս, որ նրան Դոդի Գագո ասեն։ Այդ ամենը մեր աչքի առաջ է եղել՝ ընդամենը 10-11 տարի առաջ։ Գուցե երիտասարդները դա չհիշեն, բայց արդյոք փորձառու լրագրողները, հնաբնակները դա չե՞ն հիշում, օրինակ՝ «Հրապարակը», Անժելա Թովմասյանը դա հիշում են, բայց որևէ մեկը ծպտուն չհանեց, որ այդ մարդուն քաղաքականությունից հեռացրին»,- նկատեց նա։
Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ Ծառուկյանը վախկոտ մարդ է: «Հիշում եմ՝ ոնց էր ձեռքերը դողալով ինձ ասում, որ անհրաժեշտ է, որ ես չմտնեմ Ազգային ժողով, որովհետև Սերժն իրեն «կատոկում էր», ինքն էլ դրան չէր դիմանում։ Ես էլ առանձնապես շահագրգռված չէի այդ պայմաններում գնալ Ազգային ժողով։ Դա օրինաչափություն էր՝ օձն իր պորտով չէր կարող մտնել Ազգային ժողով առանց Սերժի դաբրոյի, և եթե նա նշանառություն էր վերցրել, որ ես չլինեի, չպետք է լինեի»,-եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Մարիամ Գրիգորյան