ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ կառավարության 300 դպրոց ծրագրի շրջանակում կառուցվող Վաղարշապատի թիվ 1 հիմնական և վերակառուցվող Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցներ։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:


Այցին մասնակցել է նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։


Նախարարի առաջին կանգառը Վաղարշապատի թիվ 1 հիմնական դպրոցն էր, որտեղ նախկին դպրոցի տարածքում կառուցվում է նոր դպրոց՝ շուրջ 670 տեղ հզորությամբ։ Նախարարը կապալառու շինարարական կազմակերպության ներկայացուցիչների և դպրոցի տնօրենի ուղեկցությամբ ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, տեղում քննարկել ընթացիկ խնդիրները՝ շեշտելով աշխատանքները որակով և ժամանակին կատարելու առաջնահերթությունը։


Նախարարը նշել է, որ Վաղարշապատ քաղաքի դպրոցները ներկայում գերծանրաբեռնված են, ուստի առաջնային խնդիր է նոր կառուցվող դպրոցների ժամանակին շահագործումը, որից հետո փուլային եղանակով վերակառուցման և բարեկարգման ցանկում կընդգրկվեն նաև մյուս հաստատությունները՝ պահպանելով  ուսումնական գործընթացի անխափան ընթացքը։


Այնուհետև նախարարն այցելել է Աշտարակի Ն. Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոց․ այստեղ նախկին դպրոցի տեղում նորի շինարարությունն արդեն ավարտված է. իրականացվում են վերանորոգման աշխատանքների վերջին շտկումները։ 


Նախարարը շրջել է շուրջ 600 սովորողի համար նախատեսված դպրոցում, ծանոթացել բակային տարածքում, բացօթյա և փակ մարզադաշտերում, կաթսայատանը, լաբորատոր դասասենյակներում, դահլիճներում, ճաշարանում կատարված աշխատանքներին:




Հաջորդաբար նորակառույց դպրոցը կհագեցվի նոր գույքով, լաբորատոր սարքավորումներով և ուսումնական նյութերով՝  նոր ուսումնական տարում դռները բացելով սովորողների առջև։


Արմավիրի մարզի Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Արագածոտնի մարզի Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցները կառուցվում են ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ։