ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 13։00-ն։


Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։


«Մենք գտնվում էինք այն փուլում, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդակցության արդյունքում պետք է որոշում կայացներ՝ տալ կամ չտալ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն։ ԿԸՀ-ն որոշեց, որ նիստը պետք է հետաձգվի և շարունակվի հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին»,- ասել է Վարդևանյանը։


Նրա խոսքով՝ միջնորդությունը կապված է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքի հետ։ Վարդևանյանը հավելել է, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ հարցը քննվել է դռնփակ կարգով։