Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դե Վևերին Ազգային տոնի առիթով: Ուղերձում ասված է.


«Մեծարգո պարոն վարչապետ,


Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առիթով։


Ուրախությամբ եմ արձանագրում, որ վերջին շրջանում Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունները շարունակաբար զարգանում են՝ ընդգրկելով գործընկերության նոր ռազմավարական ուղղություններ։


Ջերմորեն եմ հիշում այս տարվա մայիսին Երևանում Ձեզ հետ ունեցած հանդիպումը: Վստահ եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր խթան կհաղորդենք մեր երկրների միջև բազմոլորտ համագործակցության ընդլայնմանն ու առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը։


Բարձր եմ գնահատում Բելգիայի շարունակական աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության խորացմանը, ինչպես նաև միջազգային հարթակներում մեր երկրների միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։


Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Բելգիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: