Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում գործող «ԻՆՏԵՐ ԱԿՎԱ» ՍՊԸ։


Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացին և ընկերության հետագա ծրագրերին։


««ԻՆՏԵՐ ԱԿՎԱ» ՍՊԸ-ն ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից է։ Տարեկան արտադրական ծավալը կազմում է շուրջ 1100 տոննա։ Աճեցվում են բելուգա, ստերլետ, սիբիրյան թառափ, ծիածանափայլ իշխան, կարմրախայտ և գեղարքունի տեսակի ձկներ։ Ձկնաբուծարանը զբաղեցնում է 6.5 հեկտար տարածք, ունի 60 աշխատակից։


Այցի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, արտադրության ընդլայնման և դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները։


Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: