Ճապոնիայի տարածքում ամերիկյան Typhon միջին և կարճ հեռահարության հրթիռային համալիրների հնարավոր տեղակայումը անմիջական սպառնալիք է Ռուսաստանի Հեռավոր Արևելքի սահմանների համար։ Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադիր հետևում է Ճապոնիայի կողմից ռազմական ակտիվության ընդլայնմանն ուղղված քայլերին։
«Տոկիոն, իր տարածքը տրամադրելով ամերիկյան միջին և կարճ հեռահարության հրթիռային համալիրների տեղակայման համար՝ անկախ նրանից՝ դրանք կտեղակայվեն ժամանակավոր, ռոտացիոն, թե մշտական հիմունքներով, կատարում է քայլ, որը լուրջ բացասական ազդեցություն է թողնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա և անմիջական սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի Հեռավոր Արևելքի սահմանների համար», -հայտարարել է Ռուդենկոն։
ՌԴ ԱԳՆ փոխնախարարի գնահատմամբ՝ նման գործողությունները նպաստում են տարածաշրջանային լարվածության աճին և կարող են բացասաբար ազդել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության վրա։