«Ռուսաստանը կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում. Պուտինը չի թաքցրել իր ախորժակը». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆրանսիական BFM հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում, նա կանգ չի առնի և կշարունակի առաջ շարժվել։ Զելենսկին լիովին իրական է համարում սցենարը, որ Ռուսաստանը կարող է նոր պատերազմ սանձազերծել Եվրոպայում, քանի որ երկիրն արդեն իսկ զարգացնում է իր բալիստիկ հրթիռների պոտենցիալը՝ մինչև 5000 կիլոմետր գործողությունների շառավղով։


Զելենսկին Ուկրաինայում հրադադարը անվանել է «հնարավոր», բայց նաև ընդունել է, որ դրան հասնելը «շատ դժվար է», քանի որ «Պուտինը ձգտում է ոչ թե խաղաղության, այլ հաղթանակի»։


Զելենսկու խոսքով՝ Պուտինի հաղթանակը սպառնալիք է ոչ միայն Ուկրաինայի համար։ «Պուտինը կփորձի գրավել նոր երկրներ և կսպանի ավելի շատ մարդկանց, եթե հաջողության հասնի Ուկրաինայի դեմ պատերազմում»,- ասել է Ուկրաինայի նախագահը։


Նա նաև նշել է պատերազմի իրական արժեքը Ռուսաստանի համար։ Ռազմաճակատի մոտ 50 կիլոմետր երկարությամբ մի հատվածում ռուսական բանակը կորցրել է 150 հազար զինվոր։


«Ահա թե որն է իսկական պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին։


Ինչ վերաբերում է Ուկրաինայի պաշտպանական պոտենցիալին, Զելենսկին ընդգծել է, որ չորս տարուց ավելի լայնածավալ ներխուժման ընթացքում երկիրը ստեղծել է սեփական արտադրության անօդաչուներ, հրթիռներ, հրետանի, զրահատեխնիկա և այլ սպառազինություն։ Սա, նրա խոսքով, Ուկրաինայի զինված ուժերը վերածել է աշխարհի ամենաուժեղ բանակներից մեկի։


Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի բալիստիկ զենքերը, որոնց գործողության շառավիղը 5000 կիլոմետր է, կարող են ծածկել Եվրասիայի մեծ մասը՝ Եվրոպայի Ատլանտյան ափից մինչև Կենտրոնական Ասիա: Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ Ռուսաստանի ագրեսիայի պոտենցիալ ընդլայնումը Ուկրաինայից հետո չի սահմանափակվի միայն հարևան պետություններով:


«Պուտինը չի թաքցրել իր ախորժակը. պատերազմի ողջ ընթացքում նա հայտարարել է նախկին հետխորհրդային տարածքում «Ռուսաստանի շահերի պաշտպանության» մասին։ Ուկրաինայում ագրեսիայի դադարեցումն է հենց այն, ինչը կարող է խզել այդ շղթան»,- պնդել է Զելենսկին։