Բելառուսական բենզինը թանկ է, բայց այլ տարբերակ չկա. Ռուսաստանը կտրուկ մեծացրել է վառելիքի ներկրումը. Reuters

Ռուսաստանը հունիսին զգալիորեն ավելացրել է վառելիքի ներկրումը Բելառուսից՝ ձգտելով լրացնել ներքին շուկայում առկա դեֆիցիտը (պակասուրդը)։ Reuters-ի տվյալներով՝ ավտոմոբիլային բենզինի մատակարարումները գերազանցել են 181 հազար տոննան, ինչը ավելի քան երկու անգամ բարձր է մայիսի մակարդակից։ Առաջին կիսամյակում բենզինի ներկրումն աճել է գրեթե 20 անգամ՝ հասնելով մինչև 453 հազար տոննայի։


Դիզելային վառելիքի ներկրումը հունվար-հունիս ամիսներին ավելացել է մոտ հինգ անգամ և կազմել 256 հազար տոննա։ Նաև հունիսին Ռուսաստան է մատակարարվել ավելի քան 16 հազար տոննա բելառուսական ավիացիոն վառելիք՝ երեք անգամ ավելի, քան մեկ ամիս առաջ։


Փորձագետները նշում են, որ բելառուսական նավթավերամշակման գործարանների (ՆՎԳ) ծավալները բավարար չեն ռուսական շուկայի վրա էականորեն ազդելու համար։ Բացի այդ, բելառուսական բենզինի արժեքը նկատելիորեն բարձր է ռուսական մեծածախ գներից։


Reuters-ի տեղեկություններով՝ Ռուսաստանը սկսել է բենզին ներկրել նաև Հնդկաստանից։ Իշխանություններն ակնկալում են արտերկրից ամսական գնել մոտ 400 հազար տոննա վառելիք՝ ներքին շուկան կայունացնելու համար։