Կրեմլն ակնկալում է, որ Թուրքիան կօգտագործի իր ազդեցությունը՝ Կիևին հարձակումներից հետ պահելու համար

Ռուսաստանը միջոցներ է ձեռնարկում միջազգային էներգահամակարգի օբյեկտների վրա Կիևի հարձակումների վտանգը նվազագույնի հասցնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


Ավելի վաղ «Գազպրոմը» հայտնել էր, որ «Կրասնոդարսկայա» կոմպրեսորային կայանը, որը ներառված է դեպի Թուրքիա արտահանման համար նախատեսված «Երկնագույն հոսք» (Голубой поток) գազատարի ենթակառուցվածքում, ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։


Պետության ղեկավարի մամուլի քարտուղարը նշել է, որ «Կիևի ռեժիմը» մշտապես հակված է ահաբեկչական գործողություններ իրականացնելու միջազգային կրիտիկական էներգահամակարգի օբյեկտների նկատմամբ։


«Անշուշտ, մենք ձեռնարկում ենք առավելագույն միջոցներ՝ այդ հարձակումների վտանգը նվազագույնի հասցնելու համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին:


Նրա խոսքով՝ Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան և մյուս երկրները կօգտագործեն իրենց ազդեցությունը՝ հետագայում Կիևին նմանօրինակ հարձակումներից զերծ պահելու համար։


«Բնականաբար, մենք ակնկալում ենք, որ մեր թուրք զրուցակիցները և մյուս երկրները կօգտագործեն իրենց ուշադրությունը (ազդեցությունը), որպեսզի կիևյան ռեժիմին հետ պահեն նման գործողություններից»,- ասել է Պեսկովը։