Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական զինված ուժերը հուլիսի 3-ի երեկոյան ԱԹՍ-ներով հարվածներ են հասցրել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքի մոտակայքում գտնվող նավթային ենթակառուցվածքներին:Այս մասին Զելենսկին գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ տարածելով նաև համապատասխան տեսանյութ:
«Երեկ երեկոյան Ռուսաստանի դեմ այս պատերազմի պատճառով մեր ուկրաինական «երկարաժամկետ պատժամիջոցները» հասան Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող թիրախներին: Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածեցին նավահանգստային նավթային ենթակառուցվածքներին, որոնք եկամուտ են ապահովում Ռուսաստանի պատերազմի համար, ինչպես նաև հաջողությամբ հարվածներ հասցվեցին Կրոնշտադտին՝ կարևոր ռազմական թիրախին: Այն Ուկրաինայի պետական սահմանից հեռավորությունը ավելի քան 850 կիլոմետր է»,-գրել է Ուկրաինայի նախագահը:
Ռուսական կողմը հաստատել է, որ ուկրաինական ԱԹՍ-ները զանգվածային հարձակում են գործել Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ:
«Հակաօդային պաշտպանության համակարգերը գործում են։ Գործող շտաբի առաջարկությունների համաձայն՝ ես խնդրում եմ Սանկտ Պետերբուրգի բնակիչներին մնալ իրենց տներում և դուրս չգալ մինչև անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի վերացումը»,-ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը:
Նահանգապետը հայտնել է, որ հարձակման ժամանակ հարված է հասցվել նավթային տերմինալին, սակայն տուժածներ չկան։
Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանը դադարեցրել է գործունեությունը Լենինգրադի մարզում անօդաչու թռչող սարքերի հարձակման պատճառով։
ՌԴ պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հայտնել է, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Սանկտ Պետերբուրգի վրա ԱԹՍ-ների հարձակումը, հարվածը հասցվել է Կիրովի շրջանում գտնվող նավթային տերմինալի տարածքին, տեխնածին հետևանքները վերացվել են: