ՌԴ ԱԳՆ-ն ռուսաստանցիներին խորհուրդ է տվել չայցելել Մոլդովա

Ռուսաստանի ԱԳՆ-ն ռուսաստանցի քաղաքացիներին խստորեն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Մոլդովա մեկնելուց. այս մասին հայտնում է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:


«Պաշտոնական Քիշնևը, արևմտյան համակարգողների աջակցությամբ իրականացվող հակառուսական կուրսի շրջանակներում, խստացնում է խտրական միջոցները Մոլդովայի Հանրապետություն մուտք գործող Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ», — պարզաբանել են գերատեսչությունում:


ԱԳՆ վարկածով՝ իրավիճակը «հասնում է ուղղակի ծաղրանքի» Քիշնևի օդանավակայան ժամանող ռուսաստանցիների հանդեպ. նրանց խուզարկում են, հարցաքննում ու ստուգում, ինչպես նաև ստիպում են երկար ժամեր սպասել տրանզիտային գոտում՝ «առանց տարրական կենցաղային պայմանների ապահովման, ջրի և սննդամթերքի հասանելիության»: 


Բացի այդ, ռուսաստանցիներից պահանջում են Մոլդովայի հատուկ ծառայությունների աշխատակիցներին հանձնել հեռախոսները, որից հետո դրանք ուսումնասիրվում են:


«Հազվադեպ չեն դեպքերը, երբ նման «ստուգողական միջոցառումների» արդյունքում ռուսաստանցիները երկիր մուտք գործելու անհիմն մերժումներ են ստանում: Բացի այդ, Քիշնևից մեկնելիս հաճախ կիրառվում է զննման ընթացակարգերի արհեստական ձգձգման պրակտիկան, ինչի պատճառով ուղևորներն ուշանում են իրենց չվերթներից», — զգուշացնում է ԱԳՆ-ն: