Ուկրաինական զորքերը հունիսի 24-ի գիշերը խոցել են Վլադիմիրի մարզի (Գուս-Խրուստալնի քաղաքում) «Վլադիմիր» տիեզերական կապի կենտրոնը (ՏԿԿ), որը հանդիսանում է «Տիեզերական կապ» դաշնային պետական ունիտար ձեռնարկության մասնաճյուղը. այս մասին հայտարարել են Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբում:
Ուկրաինական բանակի հրամանատարության տվյալներով՝ «հաստատվել է համալիրի երկու շենքերի վնասումը՝ հաջորդող հրդեհով»: Սա մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական բանակի կողմից գրոհի ենթարկված արդեն երկրորդ նմանատիպ օբյեկտն է. երկուշաբթի օրը ՈւԶՈւ-ն հարվածել էր Մերձմոսկվայում գտնվող «Դուբնա» տիեզերական կապի կենտրոնին:
Ինչպես հայտարարել են Ուկրաինայի բանակի Գլխավոր շտաբում, Վլադիմիրի մարզի ՏԿԿ-ն «ապահովում է արբանյակային և հեռավոր տիեզերական կապի համակարգերի աշխատանքը», որոնք օգտագործվում են այդ թվում Ռուսաստանի «ուժային կառույցների շահերից ելնելով»։
Ըստ բաց տվյալների՝ կենտրոնը մատուցում է արբանյակային կապի ծառայություններ տարբեր տիրույթներում։ Կենտրոնում տեղակայված հրամանատարա-չափիչ կայանը թույլ է տալիս կառավարել, ինչպես նաև իրականացնել «Էքսպրես-ԱՄ» սերիայի արբանյակների ուղեծրերի պարամետրերի տելեմետրիկ հսկողություն և չափում։ Վերջիններս ապահովում են թվային հեռուստառադիոհեռարձակում, լայնաշերտ ինտերնետ հասանելիություն և հեռախոսակապ։ ՌԴ Իշխանությունները «Վլադիմիր» ՏԿԿ-ին հասցված հարվածի մասին չեն հայտնել։
Ուկրաինացի զինվորականները նաև հայտարարել են, որ հունիսի 22-ի գիշերը «Դուբնա» ՏԿԿ-ին հասցված հարվածի հետևանքով խոցվել են «արբանյակային կապի համար օգտագործվող MARK-IV 32-մետրանոց անտենայի սարքավորումային-մոդուլային համալիրը, ինչպես նաև այդ անտենայի կողքին գտնվող տեխնիկական շենքը»։ Բացի այդ, հարվածի տակ է հայտնվել գլխավոր արտադրական-վարչական (սարքավորումային-ծրագրային) մասնաշենքը։ Մասնակիորեն ավերվել է այն շենքի պատերից մեկը, որտեղ գտնվում է կապի կենտրոնական սարքավորումային գիծը, Վերգետնյա կառավարման համալիրի սարքավորումները և Արբանյակային ցանցի կառավարման կենտրոնական վահանակը։
«Դուբնան» երկրի տիեզերական կապի խոշորագույն կայանն է, որը մտնում է Ռուսաստանի կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների օբյեկտների համակարգի մեջ։ Այս համալիրի օգնությամբ ապահովվում են հեռուստահեռարձակումը և տվյալների փոխանցումը պետական կառույցների ու մասնավոր օպերատորների համար։ Մերձմոսկովյան ՏԿԿ-ն նաև իրականացնում է փոխգործակցություն ուղեծրում գտնվող արբանյակների խմբավորման հետ։