Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն հերթական ռեկորդն է սահմանել ֆուտբոլի պատմության մեջ: 41-ամյա հարձակվողը դարձել է առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է գոլի հեղինակ դառնալ աշխարհի վեց առաջնություններում:
Այսօր՝ հանդիպման 6-րդ րոպեին, նա գրավել է Ուզբեկստանի հավաքականի դարպասը ԱԱ-2026-ի խմբային փուլի II տուրի խաղում: Այս գոլը Ռոնալդուին ևս մեկ պատմական նվաճում է բերել. նա դարձել է 40 տարեկանից բարձր երկրորդ ֆուտբոլիստը, ով կարողացել է աչքի ընկնել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղում: Ռեկորդը, սակայն, նախկինի պես պատկանում է Կամերունի հավաքականի լեգենդար հարձակվող Ռոժե Միլային, ով 1994 թվականին ՌԴ հավաքականի դարպասը գոլ էր խփել 42 տարեկան հասակում:
Նշենք, որ Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող է, դարձել է Եվրոպայի չեմպիոն, Ազգերի լիգայի կրկնակի հաղթող: Նրան են պատկանում ազգային հավաքականների, Եվրոպայի առաջնությունների, Չեմպիոնների լիգայի և աշխարհի ակումբային առաջնությունների պատմության մեջ խփած գոլերի քանակով ռեկորդները: Ֆուտբոլիստը 2022 թվականի դեկտեմբերից հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբում: Ավելի վաղ նա հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», իտալական «Յուվենտուսում» և իսպանական «Ռեալում»: Ռոնալդուն հինգ անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»:
Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Մրցաշարը կավարտվի հուլիսի 19-ին: