«Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի առաջին 50 համարներին 30 տարով պետք է զրկել քաղաքականությամբ զբաղվելու իրավունքից

Մեր ժողովրդի լավագույն մասը կամք ցուցաբերեց և քվեարկեց Հայաստանի անկախության օգտին։ Բախվեցինք շատ ուժեղ հակապետական գործունեության, որը տապալվեց՝ չնայած շահագրգիռ ուժերի ծախված ահռելի գումարներին։ Հայաստանի վիճակը հիմա նման է պատահաբար մեքենայի տակ ընկած ու հրաշքով փրկվածի վիճակին, մենք հրաշքով փրկվեցինք։ Ցավալին այն է, սակայն, որ մենք դեռ ունենք քաղաքացիներ, որոնք փողով հայրենիքը ծախում են։  Civic.am-ի հետ զրույցում այսպիսի գնահատականներ հնչեցրեց ԱԺ անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքներին։

 

Պատգամավորի խոսքով՝ իր համար սպասելի էր, որ ստացած քվեների տոկոսով առաջին տեղում կլինի «Քաղաքացիական պայմանագիրը», իսկ մնացած ուժերի մասով, ըստ նրա, կարելի էր կռահել։ «Եթե չլիներ փողաբաժանությունը՝ վստահ եմ, որ անգամ երկու տոկոսի սահմանագիծը չէին հաղթահարի ո՛չ այսպես կոչված «Ուժեղ Հայաստան»-ը, ոչ  այսպես կոչված «Բարգավաճ Հայաստան»-ը։ Ասում եմ «այսպես կոչված», որովհետև ես պնդելու եմ, որ այն քաղաքական այսպես կոչված ուժերը, որոնք համատարած, համակարգված ձևով դիմել են կեղտոտ եղանակին, այսինքն փորձել են ընտրակաշառք բաժանել մարդկանց և գնել նրանց ձայերը, պետք է զրկվեն քաղաքական գործունեությունից։ Բայց ոչ միայն այդ անվանումով քաղաքական ուժը կամ ուժերը, այլ նաև այդ քաղաքական ուժի մեջ՝ ընտրացուցակում ընգրկված առաջին 50 հոգին 30 տարով պետք է զրկվեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից և հանրային, պետական պաշտոններ զբաղեցնելուց։  Էս կարգավորումը թույլ կտա, որ կուսակցությունն ինքը իր ներսում կանգնի այդ չարիքի դեմ։ Դուք ինձ ասեք՝ օղի կամ տեկիլա չխմած՝ սթափ մարդը ինչո՞ւ պետք է գնար և հայերեն նորմալ չխոսող, երեք բառ իրար հետևից ասել չկարողացող մարդու ձևավորած ուժին ձայն տար»,-նշեց Նազարյանը։

 

Նրա խոսքով՝ ԱԺ անցած ընդդիմադիր երկու ուժերը չեն գալու խորհրդարան, քանի որ «իրենք հո վերջին մարդը չե՞ն, որ իրենք իրենց դեմ դուրս գան՝ գալով խորհրդարան։ Իրենցից շատերը 5 տարի շարունակ ծաղրել-ծանակել են այն պատգամավորներին, ովքեր գալիս, փորձում էին ԱԺ հանձնաժողովների նիստերին, լիագումար նիստերին մասնակցել, հարցեր տալ կառավարությանը։ Հիմա ո՞նց են գալու խորհրդարան»։

 

Հստակեցմանը՝ «Հայաստան» խմբակցությո՞ւնն էլ չի գալու խորհրդարան՝  մեր զրուցակիցը, որը, հիշեցնենք, նախկինում հիշյալ խմբակցության պատգամավոր էր, պարզաբանեց՝ այդ խմբակցությունից ԱԺ են անցել այն թեկնածուները, որոնք դեմ են խորհրդարանական աշխատանքին, չեն էլ պատկերացնում այդ աշխատանքի բնույթն ու էությունը, ավելին՝ կողմ են բոյկոտին։ «Ասենք՝ Իշխան Սաղաթելյա՞նն է գալու խորհրդարան, երբ որ ինքը իր դիրքն էր օգտագործում ուրիշների վրա։ Նա, ինչ է, գալու է խորհրդարա՞ն, մանդատ ա՞ վերցնելու։ Գոնե նա դիմում ա գրելու և հրաժարվելու ա մանդատից։ Հո էս երկիրը խաղալիք չի՞, տուն-տունիկ չի՞։ ․․․․Ցավով եմ նշում, որ և ՀՅԴ-ի վրա, և «Հայաստան» խմբակցության վրա սարսափելի բացասական է Իշխան Սաղաթելյանի ազդեցությունը»,-նշեց Նազարյանը։։

 

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանի խոստացած «պոպոխությանը»՝ Նազարյանը նկատեց՝ փոփոխություն ասելով նրանք նկատի ունեին, որ «հեսա իշխանության են գալու, գռփելու են, չռփելու են, հարստահարելու են, կեղեքելու են ժողովրդին, Հայաստանն էլ լավագույն դեպքում դառնալու է Հարավային Օսիայի նման երկիր, որը անդադար ռազմական կոնֆլիկտ է ունենալու հարևան երկրի հետ»։ Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից փողոցային պայքար սկսելու հավանականությանը՝ ապա մեր զրույցակիցը հորդորց փակել այդ թեման՝ «ումո՞վ են  փողոց դուրս գալու, էն մարդկանցով, որոնց փո՞ղ են բաժանել»։ 


Անկախ պատգամավորը կարծում է, որ մեկուկես, երկու տարի հետո պետք է գնալ նոր՝ արտահերթ ընտրությունների, քանի որ այսպիսի ընդդիմությամբ խորհրդարանը չի կարող ծառայել ՀՀ պետականությանը։  

 

Զրույցի ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում

Հեղինե Մանուկյան       

 

»