Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

Հրապարակվել է նախորդ շաբաթվա ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը:Ըստ այդմ՝ շաբաթվա ընթացքում շարունակվել է մշակաբույսերի աճն ու զարգացումը։


Հովտային շրջաններում շարունակվել է կորիզավորների հասունացումը։


Արարատյան դաշտում աշնանացան ցորենը կաթնային հասունացման փուլում է, տեղ-տեղ սկսվել է մոմային հասունացում, առաջացել են բանջարանոցայինների ծաղկաբույլերը։


Նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենը ծաղկել է, կարտոֆիլի մոտ առաջացել են ծաղկաբույլերը, եգիպտացորենի յոթից իններորդ տերևները։


Լեռնային շրջաններում շարունակվել է հնդավորների պտղի ձևավորումը, առաջացել են ճակնդեղի ծիլերը։


Շաբաթվա ընթացքում դիտված տեղումների արդյունքում հողի խոնավության պաշարները նախորդ շաբաթվա համեմատ ավելացել են 10-12%-ով։ Հողի 20-40 սմ խորության շերտում խոնավության պաշարները լեռնային և նախալեռնային շրջաններում կազմել են 40-60%, իսկ հովտային շրջաններում՝ 25-40%։


Շաբաթվա ընթացքում լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը։