Հայաստանը՝ արհեստական բանականության համաշխարհային հանգույց. Հրազդանում կառուցվող Firebird ԱԲ կենտրոնը Հայաստանը կդասի աշխարհի առաջատար հինգ երկրների շարքին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը և Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների և լրատվամիջոցների ուղեկցությամբ հունիսի 5-ին շրջայց են կատարել Հրազդան քաղաքի մերձակայքում կառուցվող արհեստական բանականության (ԱԲ) կենտրոնում՝ պաշտոնական գործարկումից առաջ ծանոթանալով նախագծի իրականացման ընթացքին։


Ծրագրի առաջին փուլում, որի պաշտոնական գործարկումը նախատեսված է հուլիս ամսվա ընթացքում, ներդրումների ծավալը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար։


Երկրորդ փուլի ավարտին՝ ընդհանուր ներդրումները կհասնեն շուրջ 4 միլիարդ ԱՄՆ դոլարի, ենթակառուցվածքին կավելանա ավելի քան 41,000 GPU, ինչը Հայաստանը կդասի արհեստական բանականության հաշվարկային հզորությամբ աշխարհի առաջատար հինգ երկրների շարքին։


Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ նախագիծը Հայաստանը դիրքավորում է որպես տարածաշրջանային տեխնոլոգիական հանգույց և հնարավորություն է ստեղծում տեղական ու միջազգային ընկերությունների համար  արհեստական բանականության ամենաբարդ հաշվարկներն իրականացնել հենց Հայաստանում։


Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքվեց չափազանց կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող մի փաստաթուղթ։ Այն հնարավորություն տվեց մասնավոր հատվածի գործընկերներին՝ Կառավարության հետ ջանքերը համատեղելով, հնարավորինս արագ կապիտալիզացնել այդ պայմանավորվածությունները։


«Այս մեգանախագիծը ոչ միայն հզոր ենթակառուցվածք է, այլև Հայաստանի ապագայի տեխնոլոգիական տնտեսության կարևորագույն հիմնաքարը։ Մեր ռազմավարական նպատակն է երկիրը վերածել գլոբալ «ԱԲ գործարանների պարտեզի», որտեղ գերհզոր հաշվարկային հնարավորությունները, տեղական տաղանդն ու նորարարական էկոհամակարգը կաշխատեն փոխլրացմամբ։ Firebird-ի շնորհիվ Հայաստանը սպառողից վերածվում է աշխարհին արհեստական բանականության բարձր տեխնոլոգիական արդյունք և լուծումներ առաջարկող երկրի, որը պատրաստ է սահմանել ապագայի խաղի կանոնները»,- նշել է նախարարը։


Firebird AI ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը նշել է, որ Հայաստանի նման երկրի համար նման մասշտաբի ենթակառուցվածքի ստեղծումը դեռ մի քանի տարի առաջ անիրատեսական կթվար, սակայն այսօր նախագիծն արդեն մոտենում է իր ավարտին՝ հիմք դնելով երկրի նոր տեխնոլոգիական տնտեսությանը։

«Առաջին հայտարարությունից ընդամենը տասն ամիս անց մենք մտնում ենք նախագծի եզրափակիչ փուլ։ Արհեստական բանականությունն արագորեն վերածվում է աշխարհի ամենակարևոր ռազմավարական ռեսուրսի, և այն երկրները, որոնք այսօր համարձակ ներդրումներ են կատարում հաշվողական ենթակառուցվածքներում, վաղը կսահմանեն խաղի կանոնները համաշխարհային նորարարության ոլորտում»,- ասել է Ա. Եսայանը։ 

200 000 քառակուսի մետր տարածքում կառուցվող ԱԲ կենտրոնը կդառնա տարածաշրջանի արհեստական բանականության տվյալների մշակման խոշորագույն կենտրոնը։ Գործարկումից հետո այնտեղ կաշխատի ավելի քան 6,000 «NVIDIA Blackwell» GPU՝ 18 մեգավատ հզորությամբ և մինչև 110.6 էքսաֆլոպ (FP4 Tensor) հաշվողական հզորությամբ։


Այս մեգանախագիծը կապահովի անհրաժեշտ հաշվողական հզորություններ ԱԲ առաջատար համակարգերի մշակման, գիտական հետազոտությունների, բարդ ինժեներական մոդելավորման, ռոբոտատեխնիկայի, ավիատիեզերական և կենսաբժշկական տեխնոլոգիաների, կորպորատիվ հաշվողական խնդիրների, ինչպես նաև հաջորդ սերնդի խելացի հավելվածների զարգացման համար։


Ջրային հովացման համակարգն աշխատում է փակ ցիկլով և, տեխնիկական բնութագրերի համաձայն, ջրի փոխարինում պահանջում է ընդամենը մի քանի տարին մեկ անգամ։


 Ծրագրի կոմունիկացիոն ենթակառուցվածքը սպասարկում է «Team Telecom Armenia» ընկերությունը՝ կիրառելով տարածաշրջանում եզակի, հաջորդ սերնդի (NGN) օպտիկամանրաթելային ցանց, որն ապահովում է մինչև 1 Տերաբիթ/վայրկյան թողունակություն։


Firebird-ը ԱՄՆ-ում և Հայաստանում գործող արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերություն է, որի առաքելությունն է ժողովրդավարացնել առաջադեմ արհեստական բանականության հաշվարկների հասանելիությունը՝ հնարավորություն տալով նորարարություններ իրականացնել թե՛ մասնավոր, թե՛ պետական հատվածներում։