Զելենսկին հայտարարել է, որ Հայաստանին պետք է աջակցել Ռուսաստանից հնչող հայտարարությունների ֆոնին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանն այժմ իր հարևանությամբ գտնվող երկրներին սպառնում է առավել բացահայտ, քան նախկինում։


«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զելենսկին այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ նշելով, որ Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է, թե ինչ է Ռուսաստանի կողմից ասվել Հայաստանի մասին։


«Ռուսաստանն այժմ սպառնում է իր հարևանությամբ գտնվող երկրներին առավել բացահայտ, քան նախկինում: Ռուսաստանի յուրաքանչյուր հարևան լսել է, թե ինչ է ասվել Հայաստանի մասին, որի ժողովուրդը միայն իրավունք ունի որոշել և ընտրել իր երկրի ապագան: Այն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ», - գրել է Զելենսկին։


Նա հավելել է, որ այդ ամենի ֆոնին ոչ ոք չի կարող մնալ առանց աջակցության։ Նրա խոսքով՝ Եվրոպան իրավունք չունի կորցնել իր ժողովուրդներից որևէ մեկին, հետևում թողնել որևէ երկիր:


«Հայաստանին պետք է աջակցել: Մոդովային պետք է աջակցել: Բալթյան երկրներին: Ադրբեջանին պետք է աջակցել: Մենք պետք է ուղիներ գտնենք՝ աջակցելու Վրաստանի ժողորդին նույնպես, և սա եվրոպական ընդհանուր խնդիր է: Չի կարելի կորցնել ոչ ոքի», - պնդել է Ուկրաինայի նախագահը:


Ռուսաստանը վերջին օրերին տարբեր պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտնի մակարդակով Հայաստանի իշխանություններին կոչ է արել հնարավորինս արագ կողմնորոշվել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցում։ Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն էին ընդունել Հայաստանի իրավիճակի վերաբերյալ և այդ նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին խնդրել էին այն փոխանցել ՀՀ վարչապետին։ Ավելի ուշ Կրեմլի կայքում հրապարակվեց հայտարարությունը, որով ԵԱՏՄ անդամ 4 երկրների ղեկավարները Հայաստանին առաջարկել էին հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։


Ռուսաստանի տարբեր պաշտոնյաներ նաև վերջին օրերին հայտարարում են, որ Եվրամիության ուղղությամբ շարժվելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել  Ռուսաստանից արտոնյալ պայմաններով գազ գնելու հնարավորություններից։ Ռուսաստանը նաև սահմանափակումներ է կիրառում հայկական ապրանքների ներմուծման նկատմամբ, մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը, սահմանափակումներ են կիրառվել գյուղատնտեսական մի շարք ապրանքների, մասնավորապես, լոլիկի, վարունգի, ելակի ներմուծման նկատմամբ։