Հայաստանի թանգարաններում կբացվեն հուշանվերների նոր վաճառասրահներ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է թանգարանային հուշանվերների արտադրությանը և վաճառքին:

 

Նախարարի խոսքով՝ հուշանվերների արտադրության և մարքեթինգային քաղաքականության իրականացումը փոխանցվել է Մշակույթի զարգացման հիմնադրամին։ Այս շրջանակում արդեն անցկացվել են համապատասխան մրցույթներ և իրականացվել շուկայի ուսումնասիրություն՝ պարզելու առավել պահանջված հուշանվերների տեսակներն ու գնային սեգմենտները։

 

«Մենք, ըստ էության, ֆոնդ ենք ձևավորում՝ սկզբնական խմբաքանակ պատվիրելով մեր թանգարանների համար, իսկ վաճառքից ստացված եկամուտների մի մասը կրկին ուղղվելու է նոր հուշանվերների արտադրությանը»,- նշել է նախարարը։

 

Նրա խոսքով՝ Թանգարանների խորհրդում քննարկվել են նաև հուշանվերների դիզայնին և որակական չափանիշներին վերաբերող հարցերը։

 

Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ առաջին շարքի հուշանվերները վաճառքում կհայտնվեն առաջիկա երկու ամիսների ընթացքում։ Միաժամանակ նախատեսվում է նոր վաճառասրահների ստեղծում Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի ազգային պատկերասրահում, որտեղ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։