Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնական պարզաբանում էր պահանջել Իսրայելի հանրային KAN հեռուստաընկերությունից՝ «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, երբ լրատվական ծրագրով Հայաստանի մասին խոսելիս ցուցադրվել էր այլ երկրի՝ Ադրբեջանի դրոշը։
Ի պատասխան՝ Իսրայելի հանրային հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը պաշտոնական նամակ է հղել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին, որտեղ իսրայելական կողմը ներկայացրել է տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումը և ներողություն հայտնել թույլ տված սխալի համար։
Ստորև ներկայացնում ենք հատված «KAN» հեռուստաալիքի տնօրեն Գոլան Յոխպազի նամակից.
«Լրատվական բաժնի կողմից իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ դա գրաֆիկական սխալ էր, որը տեղի էր ունեցել ակամայից և առանց որևէ վատ մտադրության։ Մենք գիտակցում ենք, որ նման սխալը չպետք է տեղի ունենար, և անկեղծորեն ցավում ենք այն հնարավոր թյուրըմբռնման համար, որն այն կարող էր առաջացնել»։
