«Ուժեղ Հայաստան»-ի անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը շահարկելուց

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ հոգեկան առողջության ոլորտը, բուժօգնություն տրամադրող կենտրոնները և այնտեղ բուժում ստացող քաղաքացիները երբևէ չպետք է դառնան քաղաքական շահարկումների, էժանագին դիվիդենտներ քաղելու կամ քաղաքական հռետորաբանության թեմա։


«Առողջապահական համակարգը և, մասնավորապես, հոգեկան առողջության պահպանման բնագավառը կոչված են ծառայելու բացառապես մարդկանց առողջությանը, և անթույլատրելի է որևէ քաղաքական ուժի կամ գործչի կողմից այս զգայուն թեմայի շահարկումը սեփական քաղաքական օրակարգերն առաջ տանելու համար:


«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին հորդորում եմ զերծ մնալ «Սևանի հոգեկան առողջության» կենտրոնի անունը քաղաքական նպատակահարմարության շրջանակում շահարկելուց:


Խարանավորում եք ոլորտը: Անթույլատրելի է:


Ձեր անբովանդակ, անհամ օրակարգը, որը չեմ էլ ուզում քաղաքական անվանել, լցրեք այլ հետաքրքրություններով և հեռու մնացեք ոլորտից»,- ասվում է Ավանեսյանի գրառման տեքստում: