Դիզվառելիքի գնումն իրականացվել է օրենքի շրջանակում. «Երևանի ավտոբուս»

«Երևանի ավտոբուս» ընկերությունը պաշտոնական հայտարարություն է տարածել.


«Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի պնդումը, թե իբր «Երևանի ավտոբուս» ընկերությունը դիզվառելիքի ձեռքբերման գործընթացում չարաշահումներ է թույլ տվել՝ համայնքին հասցնելով 60 մլն դրամի վնաս, սուտ է և իրականությանը չի համապատասխանում: Տվյալները բաց են, փաստերը՝ հասանելի:


Եվ այսպես՝ «Երևանի ավտոբուս» ընկերության կարիքների համար դիզելային վառելիք ձեռք բերելու համար նախապես կազմակերպվել է գնման բաց, մրցակցային և թափանցիկ 3 ընթացակարգ՝ ԵԱ-ԷԱՃԱՊՁԲ-26/11, ԵԱ-ՀԲՄԱՊՁԲ-26/17 և ԵԱ-ԷԱՃԱՊՁԲ-26/20 ծածկագրերով։ Այսինքն, ընկերությունը սկզբնապես ընտրել է ոչ թե հրատապ կամ սահմանափակ, այլ մրցակցային ձևաչափ՝ շուկայի մասնակիցներին հնարավորություն տալով ներկայացնել գնային առաջարկներ։ Ընթացակարգերը, սակայն, չեն կայացել, քանի որ դրանց մասնակցել է միայն «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ընկերությունը, որի ներկայացրած գնային առաջարկները գերազանցել են սահմանված նախահաշվային՝ 1 լիտրի դիմաց 500 դրամ արժեքը` կազմելով 1 լիտրի դիմաց 550 դրամ: Բացի այդ, նույն ընկերությունը, լինելով դիզվառելիքի գործող մատակարարը, 2026-ի մարտի 24-ին պաշտոնապես հրաժարվել է պայմանագրով նախատեսված գնով դիզելային վառելիքի լրացուցիչ քանակ մատակարարելու առաջարկից՝ պատճառաբանելով համաշխարհային գնաճը։


Դիզվառելիքի պաշարների սպառման և մայրաքաղաքի հանրային տրանսպորտի բնականոն աշխատանքի խաթարման իրական վտանգի պայմաններում, հաշվի առնելով խնդրի հրատապությունը, «Երևանի ավտոբուս» ընկերությունը, առաջնորդվելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, կազմակերպել է մեկ անձից գնման հրատապ ընթացակարգ՝ ԵԱ-ՄԱԱՊՁԲ-26/25 ծածկագրով։


Հրատապ գնման հրավերն ուղարկվել է 7 հնարավոր մասնակցի։ Սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել երկու ընկերություն՝ «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 550 դրամ և «Պրեմիում Օիլ» ընկերությունը՝ 1 լիտրի դիմաց 545 դրամ գնային առաջարկով։ Քանի որ օրենքով և հրավերով սահմանված ժամկետում ներկայացված առաջարկների համեմատությամբ նվազագույն գինն առաջարկել է «Պրեմիում Օիլ»-ը, հենց այդ հիմքով էլ «Երևանի ավտոբուս» ընկերությունն ընտրել է նրան, ինչը բխել է գնումների գործընթացում մրցակցության, թափանցիկության ու մասնակիցների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքներից։


Ուշագրավ է, որ «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» ընկերությունը հետագայում՝ 2026-ի մայիսի 13-ի գրությամբ, ինքն է հայտնել, որ շուկայում վառելիքի գների նվազումը սկսվել է դեռևս մայիսի 3-ից, իսկ որոշ լցակայաններում դիզելային վառելիքի արժեքը կազմել է 510-520 դրամ։ Մինչդեռ նույն ընկերությունը 2026-ի մայիսի 5-ին տվյալ գնման ընթացակարգի շրջանակում ներկայացրել է 550 դրամ գնառաջարկ և մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտը՝ մայիսի 6-ը՝ ժամը 10։00-ն, այն չի փոփոխել։


Գնման ընթացակարգի արդյունքներով 2026 թվականի մայիսի 6-ին սահմանված կարգով հրապարակվել է պայմանագիր կնքելու որոշման հայտարարությունը և միայն դրանից հետո՝ 2026 թվականի մայիսի 7-ին, «ՍԻՓԻԷՍ ՋԵՆԵՐԱԼ» ընկերությունը դիմել է «Երևանի ավտոբուս» ընկերությանը և առաջարկել 400.000 լիտր դիզելային վառելիքը մատակարարել 1 լիտրը 500 դրամով։


«Գնումների մասին» օրենքի և գնման հրավերի պայմանների համաձայն՝ մասնակիցը կարող է փոփոխել հայտը միայն մինչև հայտերի ներկայացման վերջնաժամկետի ավարտը, հետևաբար «Երևանի ավտոբուս» ընկերությունը ոչ միայն պարտավոր չէր ընդունել ժամկետից հետո ներկայացված առաջարկը, այլև չուներ դրա իրավական հնարավորությունը։ Հակառակ մոտեցումը կխախտեր գնումների մասին օրենսդրությունը, հավասար մրցակցության, թափանցիկության և մասնակիցների նկատմամբ հավասար վերաբերմունքի սկզբունքները։


«Երևանի ավտոբուս» ընկերությունը գործել է օրենքի շրջանակում՝ ընտրելով սահմանված ժամկետում ներկայացված նվազագույն գնային առաջարկը, առաջնորդվելով մայրաքաղաքի հանրային տրանսպորտի անխափան աշխատանքն ապահովելու առաջնահերթությամբ:


Հետևաբար, առաջարկում ենք նախընտրական ինքնահաստատման և քվե կորզելու փորձերը չկիրառել մի ոլորտում, որտեղ մաթեմատիկական պարզ հաշվարկով, փաստերով հնարավոր է ջրի երես հանել ցանկացած ապատեղեկություն և պաշտոնապես հայտարարում ենք, որ Երևանի ավտոբուս» ընկերության հեղինակությունն արատավորող պնդումները զրպարտություն են, որոնք պետք է արժանանան իրավական գնահատականի»։